«Իրանի հետ միջուկային համաձայնագրի պահպանումը ձեռնտու է Ռուսաստանի, բայց ոչ ԱՄՆ-ի համար». Թրամփ
Իրանի ու «միջնորդ վեցյակի» միջև կնքված պատմական միջուկային համաձայնագրի պահպանումը բխում է պաշտոնական Մոսկվայի, բայց ոչ Վաշինգտոնի շահերից, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Կարծում եմ՝ Վլադիմիր Պուտինը կցանկանար Իրանի համաձայնագիրը պահպանել, քանի որ դա շահավետ է Ռուսաստանի համար. նրանք Իրանի հետ բիզնես են վարում: Բայց դա շահավետ չէ մեր երկրի ու, ի վերջո, ամբողջ աշխարհի համար»,-Պուտինի հետ հելսինկյան հանդիպման արդյունքներն ամփոփող հարցազրույցում ասել է Թրամփը:
Հիշեցնենք, որ Իրանն ու «միջնորդ վեցյակը» 2015թ. հուլիսի 14-ին պատմական համաձայնության են եկել իրանական ատոմային երկարամյա խնդրի կարգավորման հարցում. Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր է ընդունվել, որի իրագործմամբ վերացվում են Իրանի դեմ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի և Եվրամիության սահմանած տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները: Տվյալ համաձայնագիրը կնքվել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք:
Սակայն միջուկային փաստաթղթի հայտնի քննադատ Դոնալդ Թրամփը մայիսին հայտարարել է համաձայնագրից դուրս գալու մասին: