«Աշտարակ կաթի» վաճառքի մասին նախկին սեփականատիրոջ հայտարարությունների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումներն ուղարկվել են ոստիկանություն. Գ. Աբրահամյան
«Աշտարակ կաթ» ընկերության վաճառքի վերաբերյալ ընկերության նախկին սեփականատեր Աշոտ Ափոյանի հայտարարությունների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումներն ուղարկվել են են ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն:
Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Նա գրել է.
«Վերջին օրերին զանգվածային լրատվության միջոցների, ինչպես նաև սոցիալական ցանցերրի օգտատերերի կողմից ակտիվ քննարկման առարկա են դարձել «Աշտարակ կաթ» ընկերության վաճառքի վերաբերյալ ընկերության նախկին սեփականատեր Աշոտ Ափոյանի հայտարարությունները:
Հաշվի առնելով հանրային հետաքրքրության գործոնը՝ հարկ եմ համարում տեղեկացնել, որ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության կողմից այդ հայտարարությունների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումներն ուղարկվել են ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ քրեական դատավարության կարգով նյութեր նախապատրաստելու և քրեական գործ հարուցելու հիմքերը պարզելու նպատակով»:
Ըստ այդ տեղեկությունների՝ կառավարությունը որոշել էր բիզնես խլել՝ մեջբերելով «Աշտարակ կաթի» շուրջ տեղի ունեցող պատմությունը:
Հիշեցնենք, երկու տարի առաջ ընկերությունը հայտնվեց սնանկացման եզրին, հետո ներդրողներ հայտնվեցին, կառավարությունն էլ որոշակի միջամտություն ունեցավ, ընկերության գործարկումը շարունակելու հնարավորություն տրվեց: Սակայն, օրերս, «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ի նախկին սեփականատեր Աշոտ Ափոյանը մամուլում հայտարարեց, որ գործարանը «ռեյդերային զավթման» զոհ է դարձել «Պարգև» ՍՊԸ-ի կողմից, որի ղեկավարները, Ափոյանի պնդմամբ, բարձրաստիճան այրեր են: