«ՆԱՏՕ-ի հետ համագործակցության նպատակներից մեկը ցանկությունն է հասկանալ՝ ինչպես է գործում ադրբեջանական բանակը». Արմեն Գրիգորյան
Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, պատասխանելով ռուսական «Коммерсантъ» լրատվամիջոցի լրագրողի՝ ՆԱՏՕ-Հայաստան հարաբերություններին վերաբերող հարցին, ասել է, որ Երևանը մտադիր է շարունակել ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն Աֆղանստանում և Կոսովոյում համապատասխան խաղաղապահ առաքելությունների շրջանակում: Նա այդ համագործակցության շահը Հայաստանի համար բացատրել է այդ թվում նաև այն հանգամանքով, որ հայ զինվորականները հնարավորություն ունեն ստանալու նույն փորձը, ինչ ադրբեջանցիները, որոնք նույնպես ակտիվ կապ են պահում դաշինքի հետ: Իսկ դա իր հերթին օգտակար է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Ադրբեջանին արդյունավետ դիմակայելու համար:
«Ադրբեջանցի սպաները վերապատրաստվում են Թուրքիայում (որը ՆԱՏՕ-ի անդամ է- Tert.am): Մենք ցանկանում ենք հասկանալ այդ կառույցը, հասկանալ՝ ինչպես է գործում ադրբեջանական բանակը»,- ասել է Արմեն Գրիգորյանը:
Կայքը հիշեցրել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 11-ին այցելել է Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին:
«Նախկինում նույնպես Հայաստանը մասնակցել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովներին՝ 2014 և 2016 թվականներին: Մենք աշխատելու ենք ձևաչափերի շրջանակներում, որոնք արդեն ձևավորվել են, մասնավորապես՝ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում«,- ասել է նա:
Արմեն Գրիգորյանը բացառել է ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հնարավորությունը:
«Հայաստանում հեղափոխությունն ուղղված էր ներքին, այլ ոչ արտաքին փոփոխություններին»,- ասել է նա: Պաշտոնյան նշել է, որ Արցախի հարցում Երևանի քաղաքականությունն այժմ բնութագրվում է որպես «ակտիվ պաշտպանական», այլ ոչ պարզապես «պաշտպանական»: «Դա նշանակում է, որ մենք կարող ենք անել որոշակի կանխարգելիչ քայլեր»,- ասել է Արմեն Գրիգորյանը:
Կայքը հիշեցրել է, որ վերջերս ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ հանդիպմանը Արմեն Գրիգորյանը քննարկել է Մոսկվայի և Երևանի միջև ռազմատեխնիկական համագործակցության հարցերը:
«Մենք, սակայն, դա մանրամասն չենք քննարկել»,- պատասխանել է Գրիգորյանը լրատվամիջոցի հստակեցնող հարցին: Նա նաև հիշեցրել է, որ Հայաստանն արդեն 100 միլիոն դոլարի ռուսական սպառազինությունների մատակարարման նոր պայմանագիր է կնքել: