Հայաստանի կառավարությունը ենթակառուցվածքների զարգացմանը և ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող առաջարկներ կանի Եվրամիությանը. վարչապետի խոսնակ
Հայաստանի կառավարությունը համապարփակ առաջարկներ կներկայացնի Եվրամիությանը: Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը՝ արձագանքելով Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի մտքին:
Վերջինս հայտարարել էր, թե ԵՄ-ն կցանկանա Հայաստանի նոր կառավարության կողմից ակնկալիքների վերաբերյալ համապարփակ առաջարկներ ստանալ:
«Առաջարկները վերաբերելու են ՀՀ ենթակառուցվածքների զարգացմանը և ինստիտուցիոնալ բարեփոխումներին»,- նշեց Արման Եղոյանը:
Նա ասաց, որ առաջարկների ներկայացման ժամկետներն առայժմ հստակեցվում են:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսել կատարած այցից հետո հայտարարել էր, որ Եվրամիության կողմից տրամադրվող աջակցությունը Հայաստանին պետք է լինի համարժեք, որ ժողովրդավարական Հայաստանն ավելի լուրջ աջակցություն է ենթադրում: Ի պատասխան այս հայտարարության՝ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ասել էր, թե ԵՄ-ն բաց է լսել ակնկալիքները, որոնք ունի Հայաստանը, միաժամանակ նշել էր, որ իրենք կցանկանային լսել կոնկրետ գաղափարներ:
«Մի շարք նախարարություններից մենք ստացել ենք առաջարկներ, գաղափարներ, բայց կուզեինք համապարփակ պատկեր ունենալ։ Երբ այն կունենանք, կքննարկենք, թե ինչպես կարող ենք օգնել»,- ասել էր Սվիտալսկին: