Իսպանիան առաջին անգամ առաջ է անցել Իտալիայից Միջերկրական ծովով ժամանած ներգաղթյալների թվով
Իսպանիան վերջին տարիների ընթացքում առաջին անգամ առաջ է անցել Իտալիայից Միջերկրական ծովով ժամանած ներգաղթյալների թվով: Այդ մասին են վկայում Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպության տվյալները, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հունվարի 1-ից հուլիսի 15-ը Միջերկրական ծովով Իսպանիա է ժամանել Ալժիրից և Մարոկկոյից 18.016 մարդ, Լիբիայից Իտալիա՝ 17.817 մարդ, ասված է կազմակերպության զեկույցում:
Եվս 14.678 մարդ Միջերկրական ծովով Թուրքիայից ժամանել է Հունաստան:
Տարեսկզբից ի վեր Իսպանիա ճանապարհին զոհվել է 294 մարդ, Իտալիա ճանապարհին՝ 1.004 մարդ, 45 մարդ՝ Հունաստան և Կիպրոս ճանապարհին:
Վերջին ամիսներին Եվրոպա Միջերկրական ծովով միգրացիոն հոսքերը փոխվել են ներգաղթյալների նկատմամբ Իտալիայի կոշտ դիրքորոշման պատճառով:
Անցած տարի նույն ժամանակահատվածում ծովով Իսպանիա է ժամանել 6.513 մարդ: