Թվային վարագույր. ամոթի ու վստահության դարաշրջանի ավարտը
Ամփոփելով անցնող տարին․․․
Եթե Հայաստանի քաղաքացին 2025 թվականից որևէ հետևություն արել է, դա այն է, որ ավել-պակաս խոսել չարժի: Ի՞նչ գիտես, որ մի սրճեփի մեջ ի՞նչ ձայնագրիչ սարք է տեղադրված: Ինչպես նաև չարժի ազատ լինել սեփական տանը, քանի որ եթե վաղը խնդիրներ ունենաս որևէ ուժի հետ, չես իմանա, թե ինչպես քո անձնական կադրերը կօգտագործեն քո, բարեկամիդ կամ գործընկերոջդ դեմ:
Կարող ա պատահի՝ մեզ հետևում են
Սա թերևս նոր իրականություն է, որի ծիլերը դեռևս տարիներ առաջ ենք տեսել: Օրինակ՝ Սերժ Սարգսյանի օրոք գաղտնազերծվում էին Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցները: Փոքր, բայց կուռ օղակներում խոսվում էր տարբեր եվրագործակալների մասին: Այն ժամանակ, սակայն, մեդիան դեռ յուրաքանչյուրի գրպանի մեջ չէր, արհեստական բանականությունն էլ չկար:
Բազում գաղտնալսումներ և տեսագրություններ: Դրանք հոսում են համացանցի երակներով՝ համեմվելով ինչ-որ տարօրինակ օգտատերերի հայհոյանքներով: Ծայրահեղացնում են քաղաքական դաշտը: Հանրության ոտքերի տակից խլում ընդհանուր հարթակ ունենալու զգացումը:
Բագրատ Սրբազանի, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և այլոց գործերը ընդգծված էին գաղտնալսումներով։ Քահանաների հեռախոսազանգեր և անգամ եկեղեցական գործիչների անձնական կյանքից տեսագրություններ սպրդեցին համացանց՝ որպես քաղաքական խաղաքարտ։ Այս քայլերը, անկախ նրանից, կոնկրետ մարդու դեպքում արդարացված են, թե ոչ, հաճախ կրկնվելու և աղմուկ հանելու դեպքում փոխում են հանրության տրամադրությունը։
Կամաց-կամաց, սողացող զգացում է առաջանում վերահսկող, բոլորիս հետևող և ամենուր քիթը մտցնող պետության։ Անձնական կյանքի վերացման, ազատությունների սահմանների սեղմության զգացում։ Անկախ քեզնից սկսում ես մտածել՝ իսկ ի՛նչն էր ավելի վատ՝ քաղաքական ակտիվության համար դալաններում ծեծ ուտելը, թե սեփական անդրավարտիքի մեջ ձայնագրիչ սարք գտնելը։
Իրավիճակը կարծես էլ ավելի է սրվում։ Արդարադատության նախարարությունը օրենքի նախագիծ է շրջանառել, որով նախատեսում է փոփոխություններ կատարել «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում: Առաջարկվում է օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 8-րդ, 11-րդ, 12-րդ և 15-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները, անկախ հանցանքի ծանրության աստիճանից, իրականացնել նաև կաշառք տալու կամ ստանալու ենթադրյալ հանցանք նախապատրաստող կամ կատարած անձանց նկատմամբ:
Ստացվում է, որ, ըստ առաջարկվող փոփոխության, ձեր անձնական կյանքը կարող է հատուկ ծառայությունների դիտակետում լինել, եթե կասկածեն, որ անձնագրայինի պետին «ծամոն եք նվիրել»։ Արդյոք սա համաչա՞փ միջամտություն է։ Ի վերջո, կաշառքը ահաբեկչության փորձ չէ։ Եվ մենք գիտենք, թե ինչ նպատակներով կարող է օգտագործվել այս օրենքը։
Ինչևէ՝ այս գործընթացի հետևանքով տեղի է ունենում երկու փոփոխություն:
Առաջինը՝ զգուշավորությունն է: Զգո՞ւմ եք դրա հոտը: Սա դեռ վախը չէ, բայց ամեն դեպքում որոշակի լարվածություն է: Որոշակի ինքնագրաքննություն: Այս զգուշավորության հոտը ժողովրդավարության մահվան առաջին ծիլն է: Եվ այն արդեն ամենուր է: Մարդիկ սկսում են ավելի քիչ վստահել միմյանց: Սա թուլացնում է ամուր սոցիալական կապերը, և հենց այստեղ է, որ սկսում է քայքայվել ու մաշվել ամոթը: Քանի որ ամոթի գլխավոր հենարանը ամուր սոցիալական կապերն են:
Ու սկսվում է երկրորդ փոփոխությունը, որն ավելի խոր մշակութային է: Փոխվում են սոցիալական կապերը, ձևավորվում է նաև սոցիալական անտարբերություն ամեն տեսակ կոմպրոմատի հանդեպ:
Եթե բոլորիս տներում կարող են տեսախցիկ դնել, եթե բոլորս բնակվում ենք պանօպտիկումի մեջ, ապա որտե՞ղ տեղավորել ամոթը: Չի կարող լինել ամոթ բացարձակ բաց միջավայրում: Հետևաբար՝ գաղտնալսումների հասարակական ցնցում առաջացնող ուժը միայն ավելի ու ավելի է մարելու: Մարդիկ պարզապես կասեն՝ սուտ է և կեղծիք, կշարժվեն առաջ։ Եվ ի վերջո, իրոք, կջնջվի կեղծիքի ու իրականի սահմանը։
Չքնաղ, նոր աշխարհ
Գաղտնալսման ու կոմպրոմատի լայնածավալ այս գործիքակազմը իշխող ուժը տնից չի բերել: Արդի աշխարհի համար սա նոր իրականություն է: Այսօր, այո՛, Հայաստանը այսպես կոչված հիբրիդային հարձակման թիրախ է: Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և այլոց կողմից: Եվ ոչ միայն Հայաստանը: Մենք թևակոխում ենք թվային, տեղեկատվական դար, որտեղ երկաթե վարագույրը փոխարինվում է թվայինով:
Ուշադրություն դարձրեք՝ այլևս միջազգային հարթակներում գրեթե չեն խոսում մարդու իրավունքների և արժեքների մասին: Այս բառերը կորցրել են իրենց կշիռն ու գինը:
Այլևս միջազգային հանրությանը հետաքրքրում է մեկ հարց՝ թվային վարագույրի ո՞ր կողմում է գտնվում քո պետությունը: Հայաստանը կարծես ընտրել է իր կողմը: Եվ ինչպես պատերազմում, այստեղ էլ չկա արդարություն, կան միայն կողմեր: Եվ հանուն ընդհանուր հաղթանակի արդեն բոլորն էլ աչք են փակելու, թե փոքր երկրներում ձևավորվող ավտորիտար վարչակարգերի, թե բռնաճնշումների, թե թվային շանտաժի վրա: Սա թվային մեծ պատերազմ է, իսկ պատերազմի ժամանակ դաշնակիցներին ավելորդ հարցեր չեն տալիս:
Հայաստանի իշխանությունները իհարկե կօգտվեն այս հնարավորությունից: Ունեն արտաքին աշխարհի «լայն փակված աչքեր», ունեն սեփական քայլերը արդարացնելու լեգիտիմ պատճառ՝ հիբրիդային սպառնալիք, ունեն ցանկություն ամեն գնով մնալ իշխանության, ունեն միմյանց չվստահող և հոգնած հանրություն, ունեն վարկաբեկված ընդդիմություն, ունեն նախկին իշխանություններից ժառանգած գործիքակազմ և, ըստ ամենայնի, այլևս չունեն ամոթ: Բարի գալուստ նոր իրականություն: Բոլորս խաղի մեջ ենք… և արդեն ձեր լռությունն անգամ կարող է օգտագործվել ձեր իսկ դեմ:
Լիաննա Խաչատրյան
MediaLab.am
The post Թվային վարագույր. ամոթի ու վստահության դարաշրջանի ավարտը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.