7 զոհ , տասնյակ վիրավորներ. Իրանում շարունակվում են հակաիշխանական ցույցերը
Իրանում տնտեսական ճգնաժամով պայմանավորված բողոքի ցույցերը տարածվել են նաև դեպի երկրի գյուղական շրջաններ՝ ուղեկցվելով բախումներով և զոհերով։ Իրանական իշխանությունների հայտարարությամբ՝ ցույցերի ընթացքում արձանագրվել է առնվազն յոթ մահ, այդ թվում՝ ինչպես ցուցարարների, այնպես էլ անվտանգության ուժերի ներկայացուցիչների շրջանում։
Այս մասին, վկայակոչելով պաշտոնական աղբյուրներն ու տեղական լրատվամիջոցները, տեղեկացնում է Associated Press-ը։ Ըստ աղբյուրի՝ զոհերից երկուսն արձանագրվել են հունվարի 1-ին, ևս հինգը՝ այսօր՝ հունվարի 2-ին՝ մի քանի քաղաքներում, որտեղ վերջին օրերին առավել սրվել են բողոքի գործողությունները։
Ըստ հրապարակման՝ ամենասուր բախումները տեղի են ունեցել Լոռեսթանի նահանգի Ազնա քաղաքում, որտեղ տարածված տեսանյութերում երևում են կրակի ճարակ դարձած տարածքներ և լսվում են կրակոցների ձայներ։ Նմանատիպ միջադեպեր փաստագրվել են նաև Լորդեգան և Ֆուլադշահր քաղաքներում, որտեղ ակտիվիստական կազմակերպությունները հայտնում են վիրավորների և վնասվածք ստացած անձանց մասին։
Իշխանությունները ցույցերը կապում են բնակչության սոցիալական ծանր վիճակի, գնաճի և ազգային արժույթի արժեզրկման հետ։ Տեղական պաշտոնյաների հայտարարմամբ՝ «քաղաքացիների ձայնը պետք է լսվի», սակայն պետությունը նաև զգուշացրել է «աջակցություն չցուցաբերել ապօրինի անկարգություններին»։
Հաղորդվում է, որ մի շարք քաղաքներում ձերբակալվել են տասնյակ ցուցարարներ, իսկ բողոքի գործողությունները շարունակվում են նաև լուրերի հրապարակման պահին։
The post 7 զոհ , տասնյակ վիրավորներ. Իրանում շարունակվում են հակաիշխանական ցույցերը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.