Մադուրոյի ձերբակալությունից հետո. Թրամփը ակնարկում է հնարավոր քայլեր Գրենլանդիայի, Կուբայի և Կոլումբիայի ուղղությամբ
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հեռացումից և ԱՄՆ ռազմական գործողությունից մեկ օր անց, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին բարձրացրել է Գրենլանդիայի նկատմամբ ամերիկյան վերահսկողության հարցը՝ այն ներկայացնելով որպես ազգային անվտանգության խնդիր, ինչպես նաև սպառնացել է Կոլումբիայի դեմ ուժային քայլերով՝ այն մեղադրելով կոկաինի գլոբալ շրջանառությունը խթանելու մեջ։ Միաժամանակ, պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Կուբայի կոմունիստական կառավարությունը «լուրջ դժվարությունների մեջ է»։
Թրամփի և Ռուբիոյի հայտարարությունները, արված Մադուրոյի հեռացումից հետո, ցույց են տալիս, որ Վաշինգտոնը պատրաստվում է ավելի ընդարձակ և ակտիվ քաղաքական ուղեգիծ իրականացնել Արևմտյան կիսագնդում։ Տարածաշրջանում արդեն հնչում է հարցը․ ո՞վ է հաջորդը։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։
Թրամփը, անդրադառնալով Դանիայի կազմում գտնվող Գրենլանդիային, հայտարարել է, թե այդ տարածքը «կարևոր ռազմավարական նշանակություն ունի» և ընդգծել, որ ԱՄՆ-ը պետք է ապահովի դրա անվտանգությունը։ Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը պատասխանել է, որ Վաշինգտոնը «չունի տարածք բռնակցելու իրավունք» և կոչ է արել դադարեցնել սպառնալիքները դաշնակցի հասցեին։
Կուբայի ուղղությամբ Վաշինգտոնի հռետորաբանությունը նույնպես կոշտացել է։ Ռուբիոն հայտարարել է, որ Մադուրոյի անվտանգության համակարգում գործել են կուբացի մարմնապահներ, իսկ Հավանան հայտնել է, որ Վենեսուելայում ԱՄՆ գործողության հետևանքով զոհվել է 32 կուբացի սպան։ Թրամփը հայտարարել է, որ Կուբայի տնտեսությունը «վատ վիճակում է և շարունակելու է փլուզվել» Մադուրոյի հեռացումից հետո։
Թրամփը նաև կոշտ քննադատություն է հնչեցրել Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյի հասցեին՝ նրան մեղադրելով թմրանյութերի տարանցման աջակցման մեջ և չի բացառել գործողություններ այդ ուղղությամբ՝ նշելով, որ «այն կարող է դիտարկվել»։ Վաշինգտոնը վերջին ամիսներին Կոլումբիայի դեմ սահմանել էր սահմանափակող միջոցառումներ և կրճատել օգնության փաթեթները։
Թրամփի վարչակազմը հայտարարում է, որ իր ռազմավարական նպատակը «Ամերիկյան գերակայության վերականգնումն է Արևմտյան կիսագնդում»՝ հղում անելով Մոնրոյի դոկտրինային և Ռուզվելտի հավելվածին։
The post Մադուրոյի ձերբակալությունից հետո. Թրամփը ակնարկում է հնարավոր քայլեր Գրենլանդիայի, Կուբայի և Կոլումբիայի ուղղությամբ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.