Կոլումբիայի նախագահը հայտնել է զենք վերցնելու և հայրենիքը պաշտպանելու պատրաստակամության մասին
Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտարարել է, որ պատրաստ է զենք վերցնել իր հայրենիքը պաշտպանելու համար՝ վստահություն հայտնելով, որ երկրի ժողովուրդը կսատարի իրեն, եթե Միացյալ Նահանգները փորձի իրեն ձերբակալել՝ ինչպես դա արվել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեպքում։
«Թեև ես երբեք զինվոր չեմ եղել, լավ գիտեմ, թե ինչ է պատերազմը և ընդհատակյա պայքարը։ Ես երդվել եմ այլևս երբեք զենք չվերցնել 1989 թվականի խաղաղության համաձայնագրից հետո, սակայն հանուն իմ հայրենիքի ես կրկին զենք կվերցնեմ, որքան էլ դա չցանկանամ»,- X սոցիալական հարթակում գրել է Պետրոն, ով երիտասարդ տարիներին եղել է ձախակողմյան «Ապրիլի 19-ի շարժում» (M-19) կազմակերպության անդամ։
Նա նաև վստահություն է հայտնել, որ Կոլումբիայի ժողովուրդը պատրաստ է պաշտպանել իրեն։
«Ես ոչ ապօրինի եմ, ոչ էլ թմրանյութերի վաճառքով զբաղվող։ Իմ միակ ունեցվածքը իմ ընտանեկան տունն է, որի համար դեռ վճարում եմ իմ աշխատավարձով։ Իմ բանկային հաշվետվությունները հրապարակված են։ Ոչ ոք չի կարող ասել, որ ես իմ եկամուտներից ավելին եմ ծախսել։ Ես ագահ չեմ»,- նշել է նախագահը։
Պետրոն տեղեկացրել է նաև, որ հրամայել է ոստիկանության հետախուզական ծառայությունից աշխատանքից ազատել մի քանի գնդապետների՝ «պետության շահերին վնասող կեղծ տեղեկություններ փոխանցելու համար»։
«Հուսով եմ, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն չի հավատում այս հորինվածքներին»,- հավելել է Կոլումբիայի նախագահը։
The post Կոլումբիայի նախագահը հայտնել է զենք վերցնելու և հայրենիքը պաշտպանելու պատրաստակամության մասին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.