Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման
Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման։ Վրաստանի դատախազությունը նախկին կառավարության ղեկավարի հետ կնքել է դատավարական համաձայնություն, որի համաձայն Ղարիբաշվիլին կկրի հինգ տարվա ազատազրկում և պետությանը կվճարի 1 միլիոն լարի տուգանք։ Այս մասին տեղեկացնում է DW-ն:
Նշվում է, որ նախկին վարչապետին սպառնում էր 9-ից 12 տարվա ազատազրկում։ Բացի այդ, նրա տան խուզարկության ընթացքում հայտնաբերված միջոցները՝ 6.5 միլիոն ԱՄՆ դոլար, առգրավվել են։
Հոկտեմբերի վերջին Վրաստանի դատախազությունը պաշտոնապես մեղադրանք էր առաջադրել Ղարիբաշվիլիին՝ առանձնապես խոշոր չափերով ապօրինի եկամուտների օրինականացման (փողերի լվացման) հոդվածով։ Քննչական մարմինների վարկածով՝ 2019–2024 թվականներին, զբաղեցնելով պաշտպանության նախարարի, այնուհետև վարչապետի պաշտոնները, նա իրականացրել է ձեռնարկատիրական գործունեություն, իսկ ստացված եկամուտները ձևակերպել է որպես ընտանիքի անդամներից ստացված «նվերներ»։ Հաղորդվում է, որ անշարժ գույքերի մի մասը գրանցվել են նրա հարազատների անուններով։
Իրակլի Ղարիբաշվիլին 2011 թվականից հանդիսանում է իշխանական Վրացական երազանք կուսակցության անդամ, որոշ ժամանակ զբաղեցրել է նաև կուսակցության նախագահի պաշտոնը։
The post Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման first appeared on MediaLab Newsroom-Laboratory.