CNN․ Թրամփը հայտարարել է, որ Կուբան «շուտով կփլուզվի»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Կուբան «շուտով կփլուզվի» և պատրաստ է գործարքի։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Հեռախոսազրույցում CNN-ի լրագրող Դանա Բաշին Թրամփը ասել է․ «Կուբան, ի դեպ, շուտով կփլուզվի։ Նրանք շատ են ուզում գործարք կնքել»։ Նա հավելել է, որ մտադիր է այդ հարցով ներգրավել պետքարտուղար Մարկո Ռուբիոյին․ «Ես Մարկոյին կուղարկեմ այնտեղ, և կտեսնենք՝ ինչ կստացվի»։
Թրամփը նշել է, որ ներկայում առաջնահերթությունը Իրանի հետ կապված իրավիճակն է, սակայն Կուբայի հարցը նույնպես օրակարգում է։ Նրա խոսքով՝ Կուբան «50 տարի անց պատրաստ է», և իրավիճակը «ընկել է իր ձեռքը»։
Մի օր առաջ Սպիտակ տանը ունեցած ելույթում Թրամփը հայտարարել էր, որ ամերիկացի կուբացիների վերադարձը հայրենիք «միայն ժամանակի հարց է»՝ ակնարկելով, որ Իրանի հետ ընթացող պատերազմի ավարտից հետո Կուբան կարող է դառնալ վարչակազմի հաջորդ ուղղությունը։
Նա նաև ընդգծել է, որ իր վարչակազմը չի շտապում միաժամանակ մի քանի ուղղություններով ակտիվ գործողություններ սկսել՝ նշելով, որ «երբ շատ արագ ես փորձում անել ամեն ինչ, վատ բաներ են տեղի ունենում»։
The post CNN․ Թրամփը հայտարարել է, որ Կուբան «շուտով կփլուզվի» first appeared on MediaLab Newsroom-Laboratory.