Իրանի դեմ գործողությունները կարող են ձգվել մինչև սեպտեմբեր․ ԱՄՆ-ն նոր ուժեր է ուղարկում Մերձավոր Արևելք
ԱՄՆ զինված ուժերը Մերձավոր Արևելք են ուղարկում լրացուցիչ հետախուզական անձնակազմ և օդային պաշտպանության համակարգեր՝ Իրանի դեմ գործողություններին աջակցելու համար։ Ինչպես հայտնում է The Standard-ը՝ հղում անելով POLITICO-ի կողմից ձեռք բերված ներքին փաստաթղթերին, դա վկայում է, որ հակամարտությունը կարող է զգալիորեն գերազանցել նախագահ Դոնալդ Թրամփի սկզբնական՝ չորսշաբաթյա ժամանակացույցը և ձգվել մինչև սեպտեմբեր։
Նշվում է, որ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը Պենտագոնից խնդրել է ավելի շատ ռազմական հետախուզության սպաներ ուղարկել Տամպայում գտնվող իր շտաբ՝ առնվազն 100 օրով։ Սա, ըստ աղբյուրի, շաբաթ օրը պատերազմի սկսվելուց հետո հետախուզական անձնակազմի լրացուցիչ հավաքագրման առաջին հայտնի կոչն է։
Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը նաև տարածաշրջան է ուղարկում լրացուցիչ օդային պաշտպանության միջոցներ, մասնավորապես՝ փոքր հակաօդային համակարգեր։
«Շտապ զորահավաքը ցույց է տալիս, որ Թրամփի վարչակազմը լիովին պատրաստ չէր ավելի լայն պատերազմի», – գրում է լրատվամիջոցը՝ հավելելով, որ քննադատները իրավիճակը բնութագրում են որպես «լիովին ad hoc գործողություն»։
Հաղորդվում է նաև, որ Քուվեյթի նավահանգստում անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով զոհվել է առնվազն վեց ամերիկացի զինվոր։ Միևնույն ժամանակ ԱՄՆ Պետդեպարտամենտը փորձում է աջակցել տարածաշրջանում գտնվող ամերիկացիներին՝ լրացուցիչ անձնակազմ ուղարկելով Աթենք, քանի որ հազարավոր քաղաքացիներ դեռևս գտնվում են տարածաշրջանում։
The post Իրանի դեմ գործողությունները կարող են ձգվել մինչև սեպտեմբեր․ ԱՄՆ-ն նոր ուժեր է ուղարկում Մերձավոր Արևելք first appeared on MediaLab Newsroom-Laboratory.