Reuters․ ԱՄՆ-ը, հավանաբար, պատասխանատու է Իրանում դպրոցի հարվածի համար
ԱՄՆ ռազմական քննիչները կարծում են, որ Իրանի հարավում գտնվող աղջիկների դպրոցի վրա շաբաթ օրը իրականացված հարվածի համար, ամենայն հավանականությամբ, պատասխանատու են եղել ամերիկյան ուժերը, սակայն վերջնական եզրակացություն դեռ չկա։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով երկու ամերիկացի պաշտոնյաների։
Հարվածը տեղի է ունեցել Մինաբ քաղաքում՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ սկսված հարվածների առաջին օրը։ Իրանի ներկայացուցիչը ՄԱԿ-ում հայտարարել է, որ զոհվել է 150 աշակերտ, սակայն Reuters-ը չի կարողացել անկախ հաստատել զոհերի թիվը։
Ամերիկացի պաշտոնյաները, որոնք խոսել են անանունության պայմանով, նշել են, որ քննությունը շարունակվում է և չի բացառվում, որ հետագա ապացույցները կարող են մատնանշել այլ պատասխանատու կողմի։ Reuters-ը չի կարողացել պարզել, թե ինչ ապացույցների հիման վրա է ձևավորվել նախնական գնահատականը կամ ինչ տեսակի զինամթերք է կիրառվել։
Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ դեպքը քննության փուլում է՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ը «երբեք չի թիրախավորում խաղաղ բնակիչների օբյեկտներ»։ Պետդեպարտամենտի ղեկավար Մարկո Ռուբիոն ևս ասել է, որ ԱՄՆ-ը դիտավորությամբ չի հարվածի դպրոցների։
Արխիվային տվյալների համաձայն՝ հարվածված դպրոցը գտնվում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կառույցի հարևանությամբ։ Մասնագետների վերլուծությամբ՝ արբանյակային պատկերները վկայում են միաժամանակյա մի քանի օդային հարվածների մասին։
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը կոչ է արել իրականացնել հետաքննություն՝ նշելով, որ քաղաքացիական կառույցների դիտավորյալ թիրախավորումը կարող է համարվել պատերազմական հանցագործություն։
Եթե հաստատվի ԱՄՆ-ի դերակատարությունը, դեպքը կարող է դառնալ Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմական գործողությունների ամենածանր քաղաքացիական զոհերով միջադեպերից մեկը վերջին տասնամյակներում։
The post Reuters․ ԱՄՆ-ը, հավանաբար, պատասխանատու է Իրանում դպրոցի հարվածի համար first appeared on MediaLab Newsroom-Laboratory.