Եթե Ադրբեջանը կամ Թուրքիան ներքաշվի պատերազմում, ապա պատերազմն անմիջապես տեղափոխվելու է մեր տարածաշրջան. Մանվել Սարգսյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Մանվել Սարգսյանը
– Պարո՛ն Սարգսյան, Իրանում շարունակվող պատերազմի համատեքստում տարաշրջանային ի՞նչ ռիսկեր կարող են առաջանալ, որոնք ուղիղ ազդեցություն կունենան նաև Հայաստանի վրա:
– Տեղի են ունենում դեպքեր, որ անգամ դժվար է ասել, թե Իրանում պատերազմ է, առաջին իսկ օրվանից պատերազմն ամբողջ միջինարևելյան տարածաշրջանում է, ու հիմա արդեն շատ շատերն են խոսում, որ անգամ Իսրայելի ու ԱՄՆ-ի համար էր դա անսպասելի: Որևէ մեկը չի կարող ասել, թե ինչ տարածքով այն կտարածվի, դա կախված է ռազմական գործողությունների բնույթից:
Մեզ համար ի սկզբանե կարևորն այն էր, թե արդյոք պատերազմը կարո՞ղ է տեղափոխվել Կովկասյան տարածք, թե՞ ոչ: Մեզ համար կոնկրետ լուրջ խնդիրն այն է, որ Ադրբեջանին շարունակ մեղադրել են, որ իր տարածքում ծայրահեղական տարրեր է պահում, ու եթե այդ տարածքից ինչ-որ գործողություններ լինեն, ապա կպատասխանեն, ինչն այս վերջին օրերին ակտուալ դարձավ Նախիջևանի դեպքերի համատեքստում։ Բարեբախտաբար, Իրանի ու Ադրբեջանի միջև այդ լարվածությունը կարծես թե հարթվեց:
Երկրորդ էական խնդիրը, որը մեծ նշանակություն ունի ապագայի համար, այն է, որ Թուրքիան ու Ադրբեջանը տարբեր վերաբերմունք ունեն այս պատերազմի նկատմամբ: Եթե Ադրբեջանը փորձում է ամեն կերպ մեջտեղ ընկնել այս պատերազմում, ամեն տեղ ցույց տալ, որ ինքը Իսրայելի, ԱՄՆ-ի հետ է, Թուրքիան, հակառակը՝ ամեն կերպ փորձում է խուսափել Իրանի հետ հարաբերությունները բարդացնող որևէ գործողության մասնակցելուց: Մեզ հետ կապված հիմնական խնդիրը դա է, որ եթե Ադրբեջանը կամ Թուրքիան ներքաշվի պատերազմում, ապա պատերազմն անմիջապես տեղափոխվելու է մեր տարածաշրջան, իսկ այս տարածքում արդեն չգիտես, թե դեպքերն ինչպես կարող են զարգանալ:
– Նույն Թուրքիան ու Ադրբեջանը շահագրգի՞ռ են դառնալ պատերազմի ակտիվ կողմ:
– Թուրքիան բազմիցս է ասել, որ խնդիրներ ունի Իսրայելի հետ, վերջինս տարբեր գործիչների մակարդակով ասել է, որ Իրանի հետ վերջացնելուց հետո Թուրքիային են անցնելու: Իսրայելն անընդհատ ասում է, որ Թուրքիան իրենց համար ռազմավարական վտանգ է ներկայացնում, ու իրենք այդ հարցերը պետք է լուծեն։ Բնական է, որ Թուրքիան որևէ կերպ չէր ուզենա, որ Իսրայելն ԱՄՆ-ի հետ որևէ հաջողության հասներ Իրանի դեմ պատերազմում, որովհետև դա միանշանակ կբարդացնի իր վիճակը: Այս տեսանկյունից, իհարկե, Թուրքիան փորձում է ամեն կերպ հեռու մնալ ու որևէ կերպ չմտնել պատերազմի մեջ, աջակցել Իրանին:
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա Ադրբեջանի հետ խնդիր ունի հենց Իրանը՝ ի տարբերություն Թուրքիայի, անմիջապես մասնակից է Իսրայելի հետ հարաբերություններում: Երկրորդն էլ այն է, որ Ալիևի մոտ Արցախի վերջին պատերազմում հաղթելուց հետո անընդհատ գոյություն ունի հաղթողի այդ բարդույթը, որ իրենից պետք է բոլորը զգուշանան, որ կպատժի բոլորին, ինչպես Հայաստանի դեպքում արեց: Ադրբեջանը անընդհատ, տարբեր մակարդակներով շոշափում է այն հարցը, որ Իրանի հետ հարցերում գոյություն ունի հարավային ադրբեջանցիների խնդիր:
Ակնհայտ է, որ Ադրբեջանն ու Թուրքիան տրամագծորեն տարբեր մոտեցումներ ունեն, ու հենց այստեղ է, որ ես մեծ վտանգ եմ տեսնում՝ պատերազմի տարբեր զարգացումներ: Եթե նրանցից մեկը մտավ պատերազմի մեջ, մյուսը ևս մտնելու է, դժվար է պատկերացնել, որ եթե Ադրբեջանը բարդ վիճակում լինի, ապա Թուրքիան ինչ-որ ձևով չի աջակցի նրան, իսկ սա անմիջապես առնչվում է Հայաստանի տարածքին, որովհետև Թուրքիան ոչ մի ձև չունի՝ արևելքում քրդերն են, եթե Թուրքիան որոշի Ադրբեջանին օգնություն տրամադրել, պետք է Հայաստանի տարածքն օգտագործի: Բայց այս ամենը պատերազմի երևացող կողմն է՝ սուբյեկտները, տարածքը երևում են, բայց այս պատերազմի տրամաբանությունը բարդ է: Ի վերջո, պետք է լավ հասկանալ, թե ԱՄՆ-ն ու Իսրայելն ի՛նչ նպատակ ունեն այս պատերազմում, ասել, որ խնդիրն Իրանն է, այդպես չէ:
– Պարո՛ն Սարգսյան, իսկ ո՞րն է իրական տրամաբանությունը, ի՞նչ նպատակ ունեն ԱՄՆ-ն ու Իսրայելը:
– Պատերազմի խնդիրը կոնկրետ Իրանը չէ, Իրանը էլեմենտ է, որի միջոցով մի կողմից՝ Իսրայելը, մյուս կողմից՝ ԱՄՆ-ն գործողություններ են ծավալում: Երկար ժամանակ ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ բարդ հարաբերություններ ուներ Ուկրաինայի համատեքստում, հիմա էլ ասում են, թե շանտաժի է ենթարկում Իսրայելին, այս խոսակցությունները նրանից են, որ մարդիկ լավ չեն հասկանում պատերազմների տրամաբանությունը:
Իրականությունն այն է, որ փոխվում է միջազգային քաղաքական ու տնտեսական այն կոնստրուկցիան, ինչը տասնամյակներով կառուցում էր ԱՄՆ-ն ինքը, հիմա ավերում են այդ կառուցածը, քանի որ երբ այս տարածքներում աշխատում էր ԱՄՆ-ն, միլիարդներ էր ներդնում, նա պահպանում էր հարյուր տոկոսանոց վերահսկողությունը, բայց հիմա վտանգներ են ստեղծվել, որ ինքը կարող է իր իսկ ստեղծած համակարգերի վրա ազդեցությունը կորցնել:
– Այսինքն՝ ԱՄՆ-ն զգում է, որ կորցնում է վերահսկողությունը:
– Այո՛, Ռուսաստանն էլ նույնը արեց, բա Ռուսաստանը մեզ հետ նույնը չարե՞ց, երբ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վատացան, երբ պատրաստվում էր պատերազմ սկսել Ուկրաինայում, ի՞նչ արեց, Հայաստանը ծախեց, որ կողքի պետությունների հետ հարաբերություն ստեղծեն: Հիմա փաստորեն խփում են Իրանին, բայց իրականում Իրանը դառնում է էլեմենտ, որի միջոցով ինքն ավերում է այդ արաբական աշխարհը, խնդիրը սա է:
Գործընթացների տրամաբանությունը պետք է շատ լավ հասկանալ, որ հասկանաս նաև, թե ի՛նչ դիրք պետք է զբաղեցնես, թե չէ ամենախաբուսիկ պատկերացումն այն է, որ պետք է հարևանների հետ լավ լինես, որ ապահով լինես, դա այդպես չէ, ամենամոտիկներն են իրար հոշոտում: Փոքր երկրները պետք է իրենց այնպես պահեն, որ թույլ չտան իրենց դեմ ուժ կիրառել, սա է ճիշտ քաղաքականությունը:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
The post Եթե Ադրբեջանը կամ Թուրքիան ներքաշվի պատերազմում, ապա պատերազմն անմիջապես տեղափոխվելու է մեր տարածաշրջան. Մանվել Սարգսյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.