Դատախազությունն Արմինե Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշում է կայացրել. Դատախազություն
Հայաստանի գլխավոր դատախազությունը որոշում է կայացրել «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին։
«2025 թվականի հունվարի 10-ին Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթով դատախազը 2026 թվականի մարտի 23-ին որոշում է կայացրել Ա.Օ.-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին»,– «Արմենպրես»-ին հայտնեցին Դատախազությունից։
Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ 2025 թվականի հունվարի 10-ին ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) հատկանիշներով:
2026 թվականի մարտի 17-ին վարույթով պարզաբանման ենթակա հանգամանքների շուրջ հարցաքննության, ինչպես նաև վերջինիս քրեադատավարական իրավունքներն ապահովելու համար՝ 2026 թվականի մարտի 4-ին ստացված փորձաքննության եզրակացությանը ծանոթացնելու և վարույթով եզրափակիչ ակտ կայացնելու վերաբերյալ վերջինիս դիրքորոշումը հստակեցնելու նպատակով Արմինե Օհանյանը վկայի դատավարական կարգավիճակով հրավիրվել է Քննչական կոմիտե: Նախատեսվում է քրեական վարույթը կարճել։
The post Դատախազությունն Արմինե Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշում է կայացրել. Դատախազություն first appeared on MediaLab Newsroom-Laboratory.