Իրանում հրթիռակոծությունների հետևանքով հայ է զոհվել. Կիլիկիո կաթողիկոսություն. «Ազատություն»
Իրանի Սպահան քաղաքում հրթիռակոծությունների հետևանքով ազգությամբ հայ քաղաքացի է զոհվել՝ Սիմոնյան ազգանունով, հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը՝ հղում անելով Թեհրանից ստացված տեղեկությանը:Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:
Նշվում է, որ Արամ Ա կաթողիկոսը կապի մեջ է պատերազմական իրավիճակում գտնվող երկրների թեմերի պատասխանատուների հետ:
Թեհրանի թեմից Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին տեղեկացրել են, որ վերջին օրերին Թեհրանն ու Սպահանը ենթարկվում են սաստիկ հրթիռակոծությունների:
Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը շուրջ տասն օր առաջ ասել էր, որ փորձում են կապի մեջ լինել Իրանի տարբեր հատվածներում բնակվող հայերի հետ, սակայն միշտ չէ, որ դա ստացվում է:
Նա հավելել էր, որ մարդիկ հիմնականում մնում են տներում՝ խուսափելով հրթիռներից և այլ հարվածներից:
Իրանում ինտերնետ կապի հասանելիության խնդրի մասին հաղորդվել է պատերազմի սկզբից ի վեր:
Սինանյանն ասել էր նաև, որ հայերի շրջանում երկու հոգու թեթև վիրավորվելու մասին տեղեկություններ են եղել, սակայն դրանք պաշտոնապես չեն հաստատվել:
ԱՄՆ-ի ու Իսրայելի հարձակումներն Իրանի դեմ շարունակվում են: Թեհրանն էլ, իր հերթին, թիրախավորում է Իսրայելը և Մերձավոր Արևելքի երկրները, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմաբազաներ:
The post Իրանում հրթիռակոծությունների հետևանքով հայ է զոհվել. Կիլիկիո կաթողիկոսություն. «Ազատություն» first appeared on MediaLab Newsroom-Laboratory.