Խոսրովի անտառի հրդեհի հարցով ամերիկյան փորձագիտական գնահատման խումբը ՀՀ կայցելի, և կստանանք առաջին միջազգայնացված աջակցությունը. Դ. Տոնոյան
ԱԺ-ում «Աղետների ռիսկերի կառավարման բնագավառում ազգային կարողությունների զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումներին «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք գնահատվել է Խոսրովի անտառի հրդեհի վնասի չափը և երբ են վերականգնման աշխատանքները սկսվելու:
Նախարար Տոնոյանը նշեց, որ գնահատման գործընթացը դեռևս ընթացքի մեջ է և պահանջում է որոշակի ժամանակ: Նախարարը հիշեցրեց, որ Բնապահպանության նախարարությանը ամերիկյան կողմից աջակցություն է տրամադրվել, և Միացյալ Նահանգներից փորձագիտական խումբ պետք է աշխատի վերականգնողական ծրագրի առումով:
«Գնահատման խումբն այցելու է նոյեմբերին, և ստանալու ենք առաջին միջազգայնացված աջակցությունն այդ ոլորտում»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է նախատեսված վերականգնողական աշխատանքներին, ապա նախարարն ասաց, որ մասնագիտացված գնահատական ստանալուց հետո անմիջապես կսկսեն աշխատանքները: Միաժամանակ, Դավիթ Տոնոյանը նշեց, որ դա Բնապահպանության նախարարության, նաև Գյուղատնտեսության նախարարության գերատեսչությունների աշխատանք է:
Սերգեյ Բագրատյանը նկատեց, որ թեև Տոնոյանը նշեց, որ Բնապահպանության նախարարության աշխատանքն է, բայց նրանք էլ պետք է մասնակցեն՝ կազմակերպելով հանրային աջակցման հիմնադրամներ:
«Որևէ կառույցի վրա հնարավոր չէ դնել այդ բարդ խնդիրը»,-ասաց նա:
Նախարարը համաձայնեց, բայց նշեց, թե իր տեսանկյունից ավելի շատ ուշադրությունում է դարձելու կանխարգելելու պայմաններին: