Արքայադուստր Լեյան կհայտնվի «Աստղային պատերազմների» նոր դրվագում
«Աստղային պատերազմները» ֆանտաստիկ կինոսագայի նոր դրվագում կհայտնվի արքայադուստր Լեյան, որի դերակատարը՝ Քերի Ֆիշերը, մահացել է 2016 թվականին: Այս մասին հայտնել է ֆիլմի ռեժիսոր Ջեյ Ջեյ Աբրամսը, հաղորդում է կինոսագայի պաշտոնական կայքը:
«Մենք շատ էինք սիրում Քերիին: Նույնիսկ չենք կարող պատկերացնել Սքայուոքերի մասին սագայի գոհացուցիչ ավարտն առանց նրա: Մենք երբեք չենք փորձել ուրիշ դերասանուհի փնտրել այս դերի համար կամ համակարգչային գրաֆիկա օգտագործել», - ասել է ռեժիսորը՝ մանրամասնելով, որ Քերիի դստեր թույլտվությամբ ֆիլմի ստեղծողներն օգտագործել են «Աստղային պատերազմներ: Դրվագ VII: Ուժի արթնացում» դրվագի նկարահանումներից մնացած և չօգտագործված նյութերը:
Հայտնի է, որ «Աստղային պատերազմներ: Դրվագ IX» ֆիլմն էկրաններ դուրս կգա 2019 թվականի դեկտեմբերին:
Հիշեցնենք, որ Քերի Ֆիշերը կյանքից հեռացել է 2016 թվականի դեկտեմբերի 27-ին՝ 60 տարեկան հասակում: Դերասանուհին առավել հայտնի է «Աստղային պատերազմները» ֆիլմաշարի տարբեր մասերում արքայադուստր Լեյայի կերպարով:
Ֆիշերը հայտնի է նաև մի շարք այլ ֆիլմերից, որոնցից են «Բլյուզ եղբայրները» և «Երբ Հարին հանդիպեց Սալիին»: Ամերիկուհին նաև 4 վեպ և 3 հուշագրություն է հեղինակել: