Մագնիտոգորսկում փլուզված շենքի փլատակների տակից դուրս բերված 10 ամսական երեխայի վիճակը կայուն է գնահատվում
Ռուսաստանի Դաշնության Մագնիտոգորսկ քաղաքում պայթյունի հետևանքով փլուզված բնակելի շենքի փլատակների տակից դուրս բերված 10 ամսական երեխայի վիճակը բժիշկները կայուն են գնահատում, այս մասին գրում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով ՌԴ առողջապահության նախարարության մամուլի ծառայությանը:
Նշվում է, որ 10 ամսական Վանյա Ֆոկինը դեռևս շարունակում է մնալ վերակենդանացման բաժնում, նրա մոտ որոշակի դրական տեղաշարժ է նկատվում, արձանագրվել է լաբորատոր ցուցանիշների նորմալացում, գիշերը երեխան անցկացրել է հանգիստ:
Հիշեցնենք, որ Մագնիտոգորսկի շենքերից մեկում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի:
Դեկտեմբերի 31-ին Մագնիտոգորսկում պայթյուն էր տեղի ունեցել 10-հարկանի բնակելի շենքերից մեկում: Ըստ նախնական տվյալների՝ պատճառը կենցաղային գազի պայթյունն է եղել:
Հայտնի է, որ մահացածներից 6-ը երեխաներ են եղել: