Արքայազն Հարին WellChild Awards-ի ժամանակ իր ընտանիքի և երեխայի մասին խոսելիս չի կարողացել զսպել արցունքները և դադարեցրել է ելույթը (լուսանկարներ, տեսանյութ)
Լոնդոնում կայացել է WellChild Awards բարեգործական հիմնադրամի կազմակերպած միջոցառումը, որի ամենասպասված հյուրերը բրիտանական թագավորական ընտանիքի անդամներ Մեգան Մարքլը և արքայազն Հարին էին: Արքայազնը միջոցառման շրջանակում ելույթ է ունեցել՝ չկարողանալով զսպել հուզմունքն իր նորաստեղծ ընտանիքի և երեխայի մասին խոսելիս, գրում է Daily Mail-ը:
35-ամյա արքայազնն իր ելույթի ընթացքում վերհիշել է այն զգացողությունները, որոնք ունեցել է կնոջ՝ Մեգան Մարքլի հղիության լուրը լսելիս և չի կարողացել կառավարել հուզմունքը: Նա դադարեցրել է ելույթը՝ արժանանալով հանդիսականի ոգևորիչ ծափահարություններին:
Արքայազնի խոսքով՝ արդեն մեկ տասնամյակ է, ինչ մասնակցում է WellChild բարեգործական հիմնադրամի կազմակերպած միջոցառումներին:
«Նրանց միշտ հաջողվում է ոգեշնչել ինձ, սակայն այս տարի միջոցառումն ինձ համար յուրահատուկ նշանակություն ունի, քանզի ես ինքս հայր եմ: Անցյալ տարի, երբ ես և կինս այստեղ էինք, գիտեինք, որ սպասում ենք մեր առաջնեկին»,- հայտնել է արքայազնը, որի աչքերում արցունքներ են հայտնվել:
Ապա շարունակելով իր խոսքը՝ արքայազնն ասել է. «Հիշում եմ՝ ամուր սեղմեցի Մեգանի ձեռքը. մտածում էինք՝ ինչ զգացողություններ կունենանք ծնողներ դառնալիս և ինչպես կպաշտպանենք և կօգնենք մեր երեխային, եթե նա սահմանափակ կարողություններով ծնվի կամ նրա մոտ առողջական խնդիրներ առաջանան ժամանակի ընթացքում»:
«Ոչ մի ծնող չի ցանկանում լսել, որ իր երեխան տառապելու է»,- հավելել է Սասեքսի դուքսը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ 38-ամյա Մեգանն ավելի ուշ միացել է ամուսնուն: Սասեքսի դքսուհին կրել է Sentaler նորաձևության տան 1514 դոլար արժողությամբ ուղտի մորթուց վերարկու, ինչպես նաև P.A.R.O.S.H. տան կանաչ բրդե զգեստ, որը դերասանուհին կրել էր նաև 2017 թվականին՝ իր և Հարիի նշանադրության մասին հայտարարելու օրը: