Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարը հրաժարական է տվել՝ գործընկերուհու հետ համբույրը պատկերող լուսանկարի տարածումից հետո
Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոկը հրաժարական է ներկայացրել պաշտոնից՝ իր օգնականին համբուրելով՝ սոցիալական հեռավորության կանոնը խախտելու մասին լուրի տարածումից հետո:
Ինչպես փոխանցում է BBC News-ը, վարչապետին ուղղված նամակում նախարարը նշում է, որ «կառավարությունը պետք է ազնիվ լինի մարդկանց հետ, որոնք շատ բան են զոհաբերել համավարակի ժամանակ»:
Վերջինս նաև ներողություն է խնդրել համավարակի ժամանակ սահմանված կանոնները խախտելու համար:
Այդ մասին հայտնի է դարձել, երբ նրա և Ջինա Կոլադանջելոյի՝ մայիսի 6-ին արված լուսանկարները տարածվել էին համացանցում: Համբույրի տեսարանը պատկերող լուսանկարը հրապարակել էր բրիտանական պարբերականներից մեկը՝ նշելով, որ նրանք երկուսն էլ ամուսնացած են և երեխաներ ունեն: