«Ավատար. Ջրի ճանապարհը» ֆիլմը կինովարձույթում հավաքել է ավելի քան 1,38 մլրդ դոլար՝ դառնալով բոլոր ժամանակների ամենաշահութաբեր ֆիլմերից մեկը
Ջեյմս Քեմերոնի «Ավատար. Ջրի ճանապարհը» գիտաֆանտաստիկ ֆիլմը, որը 2009 թվականի «Ավատար» ֆիլմի շարունակությունն է, համաշխարհային վարձույթում ավելի քան 1,38 մլրդ դոլար է հավաքել, որոնցից 957 մլն դոլարը՝ արտասահմանյան շուկայում, գրում է Deadline-ը։
Սպասվում է, որ այս շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ից դուրս ֆիլմի շահույթը կգերազանցի 1 մլրդ դոլարը։ Շահութաբերությամբ Քեմերոնի նոր ֆիլմն արդեն իսկ առաջ է անցել «Հարրի Փոթերը և Մահվան պարգևները» ֆիլմի երկրորդ մասից (1,342 մլրդ դոլար)՝ պատմության մեջ ամենաշահութաբեր ֆիլմերի շարքում զբաղեցնելով 15-րդ հորիզոնականը։
«Ջրի ճանապարհը» «Ավատարի» չորս պլանավորված շարունակություններից մեկն է։ ֆիլմի երկրորդ մասի գլխավոր հերոսները դարձյալ Երկրի բնակիչ Ջեյք Սալին և Պանդորա մոլորակի բնակչուհի Նեյտիրին են, որոնք այժմ երեխաներ ունեն և ստիպված են կրկին դիմակայել երկրացիներին։ Գլխավոր հերոսներին մարմնավորել են Սեմ Ուորինգթոնն ու Զոի Սալդանան։