Արմեն Բաբալարյան. Մեր նպատակը լավ ըմբիշներ պատրաստելն է
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը նշել է, որ սպորտում ամեն ինչ էլ պատահում է:
«Մենք ճիշտ է այս տարի Եվրոպայի առաջնությունում մեդալ չնվաճեցինք, սակայն թիմի 8 անդամներից չորսը պայքարեցին բրոնզե մեդալի համար, սակայն բավարարվեցին 5-րդ տեղով: Ես տղաների մրցելույթներից ընդհանուր առմամբ գոհ եմ, որոշ գոտեմարտերում կային տակտիկական վրիպումներ, կային նաեւ այլ բնույթի խնդիրներ, որոնց մասին նպատակահարմար չէ բարձրաձայնել»,- ասել է մարզիչը:
Նա ընդգծել է, որ սպասելիքներ է ունեցել երիտասարդների աշխարհի հաղթող ու փոխչեմպիոն Կարեն Ասլանյանից, սակայն ծանր վիճակահանության արդյունքում 2 գոտեմարտ հաղթելուց հետո նա լքել է պայքարը. «Մեր հիմնական նպատակն է մեծահասակների հավաքականի համար արժանի ըմբիշներ պատրաստելը, ուստի մենք ոչ թե փորձում ենք սահմանափակվել սոսկ մեդալներ նվաճելով»:
Երիտասարդական թիմը պատրաստվելու է օգոստոսին Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությունը: