Իրանը կարող է ընդմիշտ անջատել համացանցը՝ փոխարինելով այն «ազգային ինտերնետով»
Ինչպես գրում է The Guardian-ը՝ վկայակոչելով Filterwatch կազմակերպության հաշվետվությունը, եթե իրադարձություններն այդ սցենարով զարգանան, համացանցին Իրանում կկարողանան միանալ միայն իշխանությունների կողմից հաստատված անձինք:
«Երկրի մնացած բնակիչներին կթույլատրեն մուտք գործել միայն «ազգային ինտերնետ»՝ ներքին ցանց, որն աշխատում է գլոբալ համացանցից անջատ եւ վերահսկվում է պետության կողմից», - գրում է The Guardian-ը:
Filterwatch կազմակերպության ղեկավար Ամիր Ռաշիդին պարզաբանել է, որ «սեփական ինտերնետի» ստեղծմանը Իրանը ձեռնամուխ էր եղել 15 տարի առաջ:
«2009 թվականի բողոքներից հետո իշխանությունները սկսեցին զուգահեռ ցանց կառուցել՝ մատչելի միայն երկրի ներսում, եւ աստիճանաբար ուժեղացնում էին տրաֆիկի զտումը «սպիտակ ցանկի» սկզբունքով: Փորձագետները նշում են, որ համակարգի տեխնոլոգիաները կարող էին ներմուծվել Չինաստանից», - ասում է Ռաշիդին: