Թրամփի հետ հանդիպմանն Ալիեւը TRIPP-ը «Զանգեզուրի միջանցքի» մաս է անվանել
Ինչպես հաղորդում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը, «հանդիպմանը գոհունակություն է հայտնվել Դոնալդ Թրամփի՝ իշխանության վերադառնալուց հետո մեր երկրների միջեւ տարբեր ոլորտներում կապերի զարգացման կապակցությամբ»:
«Ընդգծվել է Դոնալդ Թրամփի պատմական դերը անցյալ տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության օրակարգի առաջմղմանն առնչվող պայմանավորվածությունների ձեռքբերման գործում:
Մեր պետության ղեկավարն անդրադարձել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Նշելով, որ տարածաշրջանում արդեն խաղաղություն է հաստատվել, Իլհամ Ալիեւն ասել է, որ դա իր արտացոլումն է գտնում նաեւ երկու երկրների միջեւ առեւտրային հարաբերությունների հաստատման մեջ։ Մասնավորապես, նա ընդգծել է նավթամթերքի արտահանումը Ադրբեջանից Հայաստան, ինչպես նաեւ ներմուծվող հացահատիկի մատակարարումը Հայաստան՝ մեր երկրի տարածքով։
Մեր պետության ղեկավարը նշել է, որ Զանգեզուրի միջանցքը, այդ թվում՝ TRIPP նախագիծը, կարեւոր դեր են խաղում տարածաշրջանային փոխկապվածության տեսանկյունից։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ԱՄՆ նախագահի ղեկավարությամբ ստեղծված Խաղաղության խորհրդի նշանակությանը, ընդգծվել է այդ ինստիտուտի կարեւորությունը Մերձավոր Արեւելքում խաղաղության ամրապնդման, ինչպես նաեւ գլոբալ հակամարտությունների կարգավորման գործում ներդրման տեսանկյունից։
Ադրբեջանի ընդգրկումը Խաղաղության խորհրդում որպես հիմնադիր պետություն գնահատվել է որպես Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմավարական գործընկերության եւ մոլորակի վրա խաղաղության առաջմղման գործում մեր երկրի դերի դրսեւորում»,- ասված է հաղորդագրության մեջ։