Մանե Պողոսյան. «Եթե ինչ-որ բանի հետ հաշտ չենք, պետք է փորձենք փոխել»
Մենք ամեն օր ընտրություն ենք կատարում՝ ինչ հագնել, ուտել, ինչպես անցկացնել օրը։ Շատ դեպքերում այդ որոշումները կայացնում ենք առանց դրանց նշանակության մասին երկար մտածելու։ Բայց կան ընտրություններ, որոնք մեր առօրյա կյանքից բացի, ազդեցություն ունենում են բոլորս կյանքի վրա:
2026 թվականին Հայաստանում շատ երիտասարդներ առաջին անգամ կմասնակցեն համապետական ընտրություններին։ Սա կլինի նրանց առաջին փորձը՝ կարծիք եւ դիրքորոշում արտահայտելու ու գիտակցելու՝ ինչ դեր կարող է ունենալ անգամ մեկ ձայնը երկրի կյանքում։
«Ընտրելու եմ առաջին անգամ» շարքում Մեդիամաքսը ներկայացնում է Երեւանում եւ Հայաստանի մարզերում բնակվող այն երիտասարդներին, որոնք առաջին անգամ են քվեարկելու:
Այսօր զրուցել ենք 20-ամյա Մանե Պողոսյանի հետ՝ Արագածոտնի մարզի Աշնակ գյուղից:
«Եթե ինչ-որ բանի հետ հաշտ չենք, պետք է փորձենք փոխել»
Խորը արմատներով Սասունից, ոչ ավելի խորը արմատներով Աշնակ գյուղից Մանեն առաջին անգամ ընտրության կմասնակցի մայրաքաղաքում:
«Սպասում եմ այդ օրվան, հույսով եմ սպասում, որ ինչ-որ փոփոխություն կլինի»,- ասում է նա:
Մանեի խոսքով՝ 2021 թվականի ընտրություններից հետո հստակ գիտեր, որ հաջորդին անպայման մասնակցելու է.
«Այդ ժամանակ տարիքս չէր համապատասխանում, չէի կարող քվեարկել, բայց շատ կուզեի: Ընտրությունը ուղղակի իրավական գործընթաց չէ, այլ՝ պատասխանատվության ստանձնում, հնարավորություն, որով կարող եմ ներդրում ունենալ երկրի ապագայի համար: Եթե ինչ-որ բանի հետ հաշտ չենք, պետք է դա ցույց տանք, փորձենք փոխել: Եթե ինչ-որ բան ենք ուզում, մեր դժգոհությունը կամ գոհունակությունն ենք ուզում արտահայտել, դրա ամենամինիմալ քայլերից մեկը մեր ձայնը չփոշիացնելն է»:
2020 թվականից հետո ...
Մանեի համար ընտրություններին անտարբեր չլինելը գալիս է ընտանիքից։ Ասում է՝ երբեք չի տեսել, որ իրենք այդ օրվան իմիջիայլոց վերաբերվեն։ Բայց այն գիտակցումը, թե ընտրություններից որքան մեծ բան է կախված, իր մեջ ամբողջապես ձեւավորվել է 2020-ից հետո։
«Կյանքս բաժանում եմ մինչեւ 2020 թվականը եւ դրանից հետո։ Այդ ժամանակից շատ բան փոխվեց, հասունացա, վերանայեցի առաջնահերթություններս։ Ավելի վաղ տարիքում ընտրություններում ինձ հիմնականում արտաքին կողմն էր հետաքրքրում: Երբեմն ուզում էի պարզապես որպես «անկախ դիտորդ» հայտնվել ընտրատեղամասում ու տեսնել, թե ինչ է կատարվում այնտեղ»։
Հիմա արդեն ինքն է փորձում շրջապատին՝ ընկերներին, համակուրսեցիներին ասել, թե որքան կարեւոր է ընտրություններին մասնակցելը. «Եթե մենք չգնանք, մեր փոխարեն ուրիշներն են որոշելու։ Բարեբախտաբար, շրջապատումս գրեթե բոլորն են դա գիտակցում, բայց եթե լինում են անտարբեր մարդիկ, փորձում եմ այդ անտարբերությունը մի քիչ կոտրել՝ բացատրել, ներկայացնել»։
«Միայն դժգոհելով չէ, լուծումներ է պետք գտնել»
Մանե Պողոսյանը սովորում է Հայաստանում ֆրանսիական համալսարանի «Ֆինանսներ» ֆակուլտետի երկրորդ կուրսում։ Սովորել է նաեւ «Նիկոլ Աղբալյան» միության «Վահան Հովհաննիսյան» ազգային-քաղաքական դպրոցում։
«Հետաքրքրված եմ այն ամենով, ինչն ուղիղ առնչություն ունի մեր երկրի քաղաքական կյանքին ու ապագային։ Ես մեծացել եմ գյուղում, որտեղ խնդիրները շատ են եղել, ու վաղուց հասկացել եմ՝ եթե հանդիպած խնդիրները չբարձրաձայնենք ու չփորձենք լուծումներ գտնել, ոչ ոք մեր փոխարեն դա չի անի։ Միայն դժգոհելով չէ, պետք է նաեւ առաջարկել ու գործել, ոչ թե փախչել»։
Երբ Մանեին խնդրում եմ պատմել համալսարանական կյանքից դուրս իր ակտիվության մասին, համեստորեն փորձում է շրջանցել հարցս, թեեւ տեղյակ եմ, որ շատ ակտիվ է տարբեր նախաձեռնություններում՝ «Հայորդի» ճամբարում, «Խարույկ» ամառային դպրոցում, «Զորաց»-ում։ Ի վերջո՝ խոսում է միայն «Զորաց»-ի ընթացքի մասին։
«Զորաց» նախաձեռնությունը Եռաբլուրում տեղադրել է տեղեկատվական վահանակ, որտեղ մարտիկի անունը մուտքագրելով՝ հայտնվում է տեղեկատվություն նրա մասին եւ քարտեզ, որն այցելուներին ուղղորդում է դեպի նրա շիրիմը։
«Այս պահին Եռաբլուրը գրեթե ամբողջությամբ քարտեզագրված է, իսկ զոհված մարտիկների մասին տեղեկատվության կեսից ավելին արդեն լրացված է»,- ասում է նա։
«Հայրենատեր լինենք»
Մանեն ասում է, որ իր համար այսօր ամենակարեւոր անելիքը արժեքներին տեր կանգնելն է, իսկ ամենակարեւոր արժեքը՝ հայրենիքն է.
«Եթե չպահենք, չգնահատենք ու չպաշտպանենք մեր երկիրը, եթե պատասխանատվություն չվերցնենք, մեր խնդիրները կշարունակեն մնալ անլուծելի»։
Մանեն այս պահին երկրում ամենամեծ խնդիրը անվտանգությունն է համարում. «Եթե այն չկա, չի կարող լինել իրական փոփոխություն ոչ մի ոլորտում։ Երբ քո երկիրը, սահմանները ապահով չեն, մնացած բոլոր հարցերը երկրորդ պլան են անցնում։ Սա միշտ պատկերացրել եմ պարզ օրինակով. եթե մտնես մի սենյակ ու զգաս, որ այն վտանգավոր է քեզ համար, բնական է՝ կփորձես հնարավորինս արագ հեռանալ։ Շատերը նույն կերպ են ընկալում երկիրը։ Բայց ես հավատում եմ, որ եթե հայրենատեր լինենք ու գնահատենք մեր ունեցածը, կարող ենք փոխել այդ ընկալումը»։
Արփի Ջիլավյան
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի