Իրանի դեմ պատերազմը ամեն ինչ փոխեց Պուտինի համար
Ներկայացնում ենք The New Yorr Times-ում հրապարակված Միխայիլ Զիգարի For Putin, the War in Iran Changed Everything հոդվածի հայերեն թարգմանությունը:
Միխայիլ Զիգար
Տարեսկզբին ռուսական տնտեսությունը կարծես զիջում էր դիրքերը։ Պատերազմի եւ պատժամիջոցների կրկնակի ճնշման տակ եկամուտները նվազում էին, արտադրությունը՝ կծկվում, առեւտուրը՝ կրճատվում։ Վարկերը թանկացել էին, փոխառությունները՝ գրեթե անհնար դարձել, իսկ հորիզոնում սնանկությունների ալիք էր ուրվագծվում։ Հունվարի վերջին Ռուսաստանը ստիպված էր Հնդկաստանին նավթ վաճառել ընդամենը 22 դոլարով մեկ բարելի դիմաց՝ շուկայական գնի մոտ մեկ երրորդով։
Նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի հետ պատերազմի ողջ նման բողոքներ շատ է լսել։ Սակայն, ըստ նրա շրջապատի մարդկանց, գրեթե միշտ անտեսել է դրանք։ Պաշտոնյաներն ու գործարարները, իրենց հերթին, հասկանում էին, որ պատերազմի շարունակությունն անվերապահ առաջնահերթություն է, իսկ տնտեսության վիճակը՝ երկրորդական խնդիր։ Բայց փետրվարին ինչ-որ բան փոխվեց։ Պուտինը հանկարծ սկսեց ուշադրություն դարձնել վատթարացող տնտեսական պատկերին։ Նշաններ կային, որ նա անգամ կարող է վերանայել Ուկրաինայի իր դիրքորոշումը հետ բանակցություններում ՝ հակամարտությունից ելք փնտրելով:
Իսկ հետո սկսվեց Իրանի դեմ պատերազմը։ Մեկ հարվածով փոխզիջման բոլոր հնարավորությունները ջնջվեցին։ Նավթի գների թռիչքի, Արեւմուտքում աճող ճեղքվածքի ու ԱՄՆ-ի գերծանրաբեռնվածության ֆոնին ճնշումը Պուտինի վրա արագ թուլացավ։ Պատմության հեգնանքն այն է, որ Իրանի պատերազմի բռնկումն ընդհատեց Ուկրաինայում պատերազմի ավարտի հեռանկարը հենց այն պահին, երբ Պուտինը, թվում էր, պատրաստ էր այն դիտարկել:
Փետրվարին Պուտինը, ամենայն հավանականությամբ, պատրաստ էր արմատապես վերախմբավորել իր բանակցային թիմը։ Կրեմլի գլխավոր բանակցողը՝ Կիրիլ Դմիտրիեւը, ում շատերն իրական ազդեցությունից ու մանդատից զուրկ ֆիգուր են համարում, ըստ ամենայնի, հրաժարականի շեմին էր։ Նրան փոխարինելու հիմնական թեկնածուն պետական «Ռոսնեֆտ» նավթային ընկերության ղեկավար Իգոր Սեչինն էր։ Պուտինի ամենամոտ գործընկերներից մեկը ժամանակին ղեկավարում էր Ռուսաստանի հարաբերությունները Լատինական Ամերիկայի հետ եւ ամերիկյան նավթային ոլորտի խոշոր ղեկավարների հետ ամուր կապեր է հաստատել։ Սա կարող էր ազդանշան լինել այն մասին, որ Պուտինը կարող է սկսել բանակցություններին լուրջ վերաբերվել:
Միաժամանակ լուրեր էին շրջանառվում ՌԴ կառավարությունում լայնածավալ փոփոխությունների մասին։ Եթե Պուտինն իրոք լիարժեք բանակցությունների գնար եւ Ուկրաինայի հետ հաշտության գնար, իշխանության ամբողջ կառույցը պետք է արմատապես վերափոխվեր։ Կրեմլին մոտ աղբյուրների խոսքով, դա կարող էր ներառել նաեւ գործող կառավարության հրաժարականը։ Վարչապետ Միխայիլ Միշուստինի գլխին արդեն ամպեր էին կուտակվում. նրա շրջապատի մարդկանց նկատմամբ ավելի հաճախ են քրեական գործեր հարուցում:
Բայց մենք երբեք չենք իմանա, թե ինչ կարող էր լինել։ Փետրվարի 28-ին ԱՄՆ-ի եւ Իսրայելի համատեղ գործողության հետեւանքով սպանվեց այաթոլա Ալի Խամենեին, եւ հաջորդ օրերին ամեն ինչ կտրուկ փոխվեց։ Նավթի գները հատեցին 100 դոլարի սահմանը, ԱՄՆ-ն կտրուկ շրջադարձ կատարելով՝ հանեց ռուսական նավթի վրա սահմանված պատժամիջոցները, իսկ ռուսական պարարտանյութերի պահանջարկն արագ աճեց՝ համաշխարհային մատակարարման խաթարումների ֆոնին։ Ռուսաստանի տնտեսական դժվարություններն ասես հօդս ցնդեցին:
Ավելին, ԱՄՆ եւ ՆԱՏՕ-ի դաշնակիցների հարաբերություններում խորացան ճեղքվածքները. դաշնակիցները հրաժարվեցին Հորմուզի նեղուց նավեր ուղարկել, ինչն Թրամփը «չափազանց հիմար սխալ» անվանեց։ Պուտինի համար, ում արտաքին քաղաքականությունը հիմնականում կառուցվում է Արեւմուտքում առկա անհամաձայնությունների խրախուսման վրա, սա ձեռնտու ելք էր։ Ոչ պակաս կարեւոր է նաեւ, որ ԱՄՆ-ի ուշադրությունն ամբողջությամբ կլանել է Մերձավոր Արեւելքը՝ Ուկրաինան հեռավոր անկյուն մղելով։ Եվ հարցը միայն ուշադրության պակասը չէ. ԱՄՆ-ն ծախսում է այն զինամթերքը, որը կարող էր Ուկրաինա ուղարկել։
Բուն Ամերիկայի ներսում եւս Կրեմլը հնարավորություններ է տեսնում։ Իրանի հետ ձգձգվող հակամարտությունը կարող է սասանել Թրամփի եւ Հանրապետական կուսակցության դիրքերը՝ ձախողման վտանգ առաջացնելով նախատեսվող միջանկյալ ընտրությունների շեմին։
Սրանք բոլոր լուրջ բոնուսներ են Կրեմլի համար։ Սակայն այժմ Ռուսաստան հոսող փողերի հոսքը Պուտինին անսահման պատերազմ վարելու հնարավորություն ամենեւին չի երաշխավորում։ Ընդհակառակը, կառավարության մոտ շրջնանակները կարծում են, որ այս իրավիճակն անկայուն է ու կարճատեւ։ Արդեն մայիսին Իրանի դեմ պատերազմը կարող է ավարտվել, իսկ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ վերականգնվել։ Ախտահարված ռուսական տնտեսության համար կայուն փրկություն չկա:
Ռուսաստանի ներքին վիճակն էլ ավելի լարված է դառնում։ Աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախօրեին Կրեմլը ջղաձգորեն դիտարկում է խորհրդարանը պատերազմի վետերաններով լցնելու տարբերակը ու կոշտ արձագանքում է Պուտինի դեմ հրապարակայնորեն ելույթ ունեցած կառավարամետ բլոգերին։ Իշխանությունները փորձում են արգելափակել Telegram-ը, իսկ Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում ինտերնետի խափանումներն ավելի հաճախակի են դառնում։ Իշխանության բարձրագույն օղակներում լայնածավալ փոփոխությունների մասին խոսակցությունները դեռ դադարում:
Հասարակական դժգոհության այսօրվա մակարդակը, որը ոչ վաղ անցյալում անպատկերացնելի էր, այժմ ամենօրյա կյանքի մաս է դարձել։ Մոտ ապագայում Պուտինը, թվում է, պետք է սկզբունքային ընտրություն կատարի. հնարավոր հաշտություն Ուկրաինայում, կամ ռեպրեսիաների ու վերահսկողության ամրապնդում, հնարավոր է՝ նաեւ նոր մոբիլիզացիա։ Անհնար է կանխատեսել, թե ո՞ր ճանապարհն է նա ընտրելու։ Բայց ամենակարեւոր գործոններից մեկն այն է, թե արդյո՞ք Ամերիկան կշարունակի սեփական պատերազմը։
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները: