ՀՀ հարկային եկամուտներն 1–ին կիսամյակում աճել են 2.2%–ով` մինչև 511.3 մլրդ դրամ
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի. /ԱՌԿԱ/. 2016 թվականի 1–ին կիսամյակում 181 խոշոր տնտեսվարող սուբյեկտների կողմից 10 մլն դրամ և ավելի չափով պակաս վճարումներ են կատարվել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ասաց Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Արմեն Ալավերդյանը` ամփոփելով առաջին կիսամյակի արդյունքները։
Ալավերդյանի խոսքով, ընդհանուր նվազումը կազմել է 30.0 մլրդ դրամ, ինչն արձանագրվել է հանքարդյունաբերության, կապի, էներգետիկայի, բանկային ոլորտներում:
«Համաձայն ՊԵԿ-ի որդեգրած հիմնական սկզբունքի, շեշտը դրվել է խոշոր բիզնեսից մուտքերի ապահովման վրա. «Ընդհանուր եկամուտների 54.7 տոկոսն ապահովվել է 517 խոշոր հարկատուների կողմից` նախորդ տարվա 53.7 տոկոսի դիմաց, աճը կազմել է 21.7 մլրդ դրամ»,– նշեց նա:
Դրան զուգահեռ, ըստ Արմեն Ալավերդյանի, մեղմ վարչարարություն է իրականացվել ՓՄՁ նկատմամբ: Խնդիր է դրվել, ոլորտային առանձնահատկություններից ելնելով, տնտեսվարող սուբյեկտների իրական շրջանառությունների, հաշվարկային հարկերի մասին ծանուցել, բացատրել, հետո նոր միայն իրականացնել հսկողություն:
ՊԵԿ-ի վերակազմավորումից հետո ստուգումներն իրականացվել են ընդամենը շուրջ 3000 ՓՄՁ մոտ, 2015-ի 6 ամսվա համեմատ 2016-ի առաջին կիսամյակում ՓՄՁ սուբյեկտների շրջանառության հարկի գումարն ավելացել է 1.7 մլրդ դրամով:
Թիրախային հսկողության արդյունքում էապես նվազել է նաև ստուգումների թիվը. Միջին հաշվով 30 տոկոսով պակաս հսկողական աշխատանքներ են իրականացվել, էականորեն նվազել է օպերատիվ-հետախուզական միջոցառումների քանակը. 2015-ին շուրջ 1100 ՕՀՄ-ի համեմատ, 2016-ին իրականացվել է ընդամենը 900 օպերատիվ-հետախուզական միջոցառում:
Երկրի ներսում ուժեղացվել է հարկային հսկողությունը ԵԱՏՄ ներմուծումների նկատմամբ: Այսպիսով, իրականացված արդյունավետ վարչարարության արդյունքում ոչ միայն հաջողվել է չեզոքացնել բացասական գործոնների ազդեցությունն, այլև նախորդ տարվա համեմատ ապահովել հարկային եկամուտների աճ:
Հայաստանի հարկային եկամուտները կազմել են ավելի քան 511.3 մլրդ դրամ՝ 2015-ի նույն ժամանակահատվածի 500.3 մլրդ դրամի համեմատ: Հարկային եկամուտների փաստացի աճը կազմել է ավելի քան 11.0 մլրդ դրամ կամ 2.2 տոկոս։
Միաժամանակ, 2016 թվականի առաջին կիսամյակում հարկային մարմինները 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ապահովել են 33.2 մլրդ դրամի մուտքեր (9,2%–ի աճ)։ ($1 - 476,38 դրամ)։ --0--