Խորհրդային տարիներին էլ Նժդեհին հայերը մեծարել են, սակայն ռուսական կողմից նման արձագանք չենք ստացել. պատմաբանը` ռուսական աղմուկի պատճառների մասին
Ես խորապես համոզված եմ, որ ժամանակ առ ժամանակ Նժդեհի թեմայով ռուսական աղմուկը կապված է Ադրբեջանի միջամտության հետ. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:
Պատմաբանը նշեց, թե ամբողջ հարցն այն է, որ խորհրդային տարիներին էլ Նժդեհը մեծարվել է հայերի կողմից, սակայն նման արձագանք չենք ստացել ռուսական կողմից:
«Երբ մենք Նժդեհի մասին խոսում էինք, մեծարում էինք, նրա տեղն ու դերը նշում էինք մեր պատմության մեջ, որևէ արձագանք չկար Ռուսաստանից: Ամեն ինչ սկսեց Հայրենական պատերազմի հերթական հոբելյաններից և ադրբեջանցիների միջամտությամբ: Եվ հաղթանակի 60-ամյակ էր, 65-ամյակ էր, 70 և այլն, այդ ընթացքում սկսեցին շահարկել այդ թեման, մանավանդ որ ռուսական կողմը հայրենական պատերազմի ժամանակ գերմանացիների կողմում հանդես եկածների նկատմամբ օրեցօր գնալով ավելի անհանդուրժողական դարձավ` Խորհրդային ժամանակների նման: Ադրբեջանցիներն այդ խաղաքարտը օգտագործեցին, վարկաբեկելու համար հայկական կողմին, օրինակ` բերեցին Նժդեհին, որ Հայաստանում տեսեք հակառուսական տրամադրությունները գնալով աճում են և դրանից մեկը Նժդեհի գործունեությունն է, որ Նժդեհը 1920 թվականին հանդես է եկել Կարմիր Բանակի դեմ, հետո էլ հակախորհրդային ուժերի կազմում ազգային լեգիոնի ստեղծողներից մեկն է եղել և պատերազմել է Խորհրդային միության դեմ»,-ասաց նա:
Աշոտ Մելքոնյանը օրինակ բերեց, որ անցյալ տարի, երբ Մոսկվայում պետական համալսարանի գիտաժողով էին կազմակերպել հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող, այդ թեման ադրբեջանցիների կողմից ևս բարձրացվեց:
«Ադրբեջանցիները փորձեցին Նժդեհի հանգամանքը ևս օգտագործել և որոշ ռուս պատմաբաններ տեղի տվեցին: Բայց այդտեղ Նիժնի Նովգորոդից ռուս պատմաբան Պոնամարյովը ելույթ ունեցավ և ուղղակի ջախջախիչ հարված տվեց, որ հայի ազգային հերոսներին չփորձեք կպնել: «Նա ասաց, որ դա իրենց խնդիրն է, և իրենք պետք է որոշեն` ով է ազգային հերոսը, ով է դավաճանը: Եվ այդ իմաստով թեման անընդհատ շահարկում են և նույնիսկ մեզանում կան մարդիկ, ովքեր տեղի են տալիս և հակված են վարկաբեկելու Նժդեհին: Գարեգին Նժդեհը ազգային գործիչ է, ազգային հերոս է, և մենք այդ խնդրում երկրորդ կարծիք չունենք»,-ասաց նա:
Աշոտ Մելքոնյանը նշեց, որ Նժդեհը երկրորդ աշխարհամարտում սկսել է մեղմել գերմանացիների, ֆաշիստներ ու ազգայնամոլների ոտնձգությունները Խորհրդային միության ազգությունների նկատմամբ, այդ թվում հայերի, որոնք նրանց կարծիքով դիտվում էին ոչ լիարժեք արիական ժողովուրդ:
«Նժդեհի գլխավոր նպատակն այն էր, որ մենք արիական ծագում ունեցող ժողովուրդ ենք և չենք կարող գերմանական ֆաշիստական քաղաքականության զոհը դառնալ՝ ի թիվս այլ ժողովուրդների և դրանով էր պայմանավորված նրա համագործակցությունը գերմանացիների հետ՝ Հայաստանը փրկելու և, անշուշտ, Թուրքիային հարվածելու նպատակով: Իսկ մենք գիտենք, որ Աստված մի արասցե, եթե Թուրքիան պատերազմի մեջ մտներ և Խորհրդային Հայաստանի մեջ ներխուժեին թուրքական զորքերը, որ մեկ միլիոն էր հասնում, 20-ից ավելի դիվիզիոններ ունեին, դա կնշանակեր Հայոց ցեղասպանության ավարտ և այս իմաստով Նժդեհը հարկադրված էր գերմանացիների հետ այդ մակարդակով համագործակցել, եթե դա կարելի է համարել համագործակցություն»,-ասաց նա: