Բրազիլիայի նախկին ամենահարուստ մարդը դատապարտվել է 30 տարվա ազատազրկման
Բրազիլական դատարանը դատավճիռ է կայացրել 61-ամյա գործարար Էյկե Բատիստայի գործով, որը ժամանակին եղել է երկրի ամենահարուստ մարդը:
Ինչպես հայտնում է INTERFAX.RU-ն, նախկին միլիարդատիրոջը մեղավոր են ճանաչել կոռուպցիոն խախտումների գործով, և նա հաջորդ 30 տարին պետք է անցկացնի բանտում: Անցյալ տարվանից բրազիլացին տնային կալանքի տակ է գտնվում:
Նրա փաստաբանը հայտնել է, որ Բատիստան մտադիր է բողոքարկել դատարանի որոշումը:
Բատիստային մեղադրել են Ռիո դե Ժանեյրոյի նախկին նահանգապետին 16.6 մլն դոլար վճարելու մեջ: Գործարարը փորձել է պաշտոնատար անձանց կաշառելու միջոցով առավելություն ստանալ պետական պատվերների բաշխման ժամանակ: Նահանգապետն, իր հերթին, դատապարտվել է 45 տարվա ազատազրկման:
2011 թվականին Բատիստայի կարողությունը գերազանցել է 30 մլրդ դոլարը: Նա Բրազիլիայի ամենահարուստ մարդն էր և 8-րդ տեղն էր զբաղեցնում աշխարհի մեծահարուստների ցանկում՝ ըստ Forbes-ի: Սակայն 2013-ին վերջինս բացառվել է հեղինակավոր ամսագրի միլիարդատերերի վարկանշային աղյուսակից: