Հայտնի է դարձել 2018թ.-ի՝ հանդիսատեսի վարկածով լավագույն ֆիլմը
Ամերիկյան People's Choice Awards ամենամյա մրցանակաբաշխության «Տարվա ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Marvel ստուդիայի «Վրիժառուներ. Անվերջության պատերազմ» (Avengers: Infinity War) արկածային մարտաֆիլմը: Այս մասին հաղորդում է ENews-ը:
Տարվա լավագույն դրամատիկ ֆիլմ է ճանաչվել Ջեյմս Ֆոուլիի «Ազատության հիսուն երանգները» (Fifty Shades freed), լավագույն կատակերգություն՝ Սյուզաննա Ֆոգելի «Լրտեսը, որն ինձ լքեց» (The Spy Who Dumped Me) ֆիլմը, իսկ լավագույն ընտանեկան ֆիլմ՝ «Սուպերընտանիք-2» (Super Family 2) մուլտֆիլմը:
Հանդիսատեսն ընտրել է նաև տարվա լավագույն դերասանին և դերասանուհուն: Տղամարդկանց շրջանում հաղթող է ճանաչվել «Սև հովազ» (Black Panther) ֆիլմի գլխավոր դերակատար Չեդվիկ Բոուզմանը, իսկ կանանց շրջանում՝ «Վրիժառուներ. Անվերջության պատերազմ» ֆիլմում նկարահանված Սքարլեթ Յոհանսոնը:
People's Choice Awards-ը 1975 թ.-ից ի վեր հանդիսատեսի քվեարկության հիման վրա անցկացվող մրցանակաբաշխություն է: Մինչև 2005 թ.-ը հաղթողները որոշվում էին սոցիալական հարցման միջոցով, այնուետև՝ համացանցային քվեարկության: