Morgan Stanley-ն կրճատում է իր ներկայությունը Ռուսաստանում
Ամերիկյան Morgan Stanley խոշորագույն բանկային հոլդինգի մոսկովյան գրասենյակը դադարեցնում է արժութային, առևտրային գործարքները և բաժնետոմսերի առք ու վաճառքը:
Ինչպես հայտնում է Коммерсантъ-ը՝ վկայակոչելով բանկի մամուլի հաղորդագրությունը, ներդրումա-բանկային ստորաբաժանումը կշարունակի աշխատել սովորական ռեժիմով: Այն մասին, որ Morgan Stanley-ի ռուսական ստորաբաժանումը փակում է բաժնետոմսերի և արժույթի վաճառքի բաժինները, ավելի վաղ հայտնել էր Bloomberg գործակալությունը, որի աղբյուրի տվյալներով՝ վերոնշյալ ստորաբաժանումների աշխատակիցների մի մասին նախատեսում են տեղափոխել Մեծ Բրիտանիա, մյուսներին՝ կրճատել:
Morgan Stanley-ից հայտնել են, որ աստիճանաբար կրճատում են Ռուսաստանի տարածքում գործող բիզնեսը՝ հաճախորդների ակտիվության նվազման պատճառով: Այնուամենայնիվ բանկի ներկայացուցիչները խոստացել են պահպանել ներկայությունը Ռուսաստանում: