Դեմենտոր, թե ձկան ու չղջիկի խաչասերման արդյունք. ԱՄՆ-ի լողափերից մեկում տղամարդը «հրեշտակի թևերով» խորհրդավոր արարած է գտել (լուսանկարներ)
Ամերիկյան Արևմտյան Վիրջինիա նահանգի բնակիչը Հյուսիսային Կարոլինայի լողափերից մեկում հայտնաբերել է «հրեշտակի թևերով» խորհրդավոր արարածի, գրում է The Mirror-ը:
42-ամյա Քենի Հարիսն ընտանիքի հետ արձակուրդն անցկացնելիս է եղել Աութեր Բենքս տեղանքում: Առավոտյան նա մենակ դուրս է եկել զբոսնելու լողափով և տեսել է, որ ինչ-որ բան ընկած է ավազի վրա: Ամերիկացին մոտեցել է և տեսել մեռած գարգուլյայի (գոթական ճարտարապետության մեջ մետաղից կամ քարից պատրաստված կերպար, որոնք նախատեսված են ուղղահայաց մակերեսներից ջրահեռացման արդյունավետ արտահոսքի համար,- Tert.am) նմանվող մի արարածի:
Հարիսը շեշտել է, որ տարեկան երկու անգամ գնում է Աութեր Բենքս, բայց նախկինում նման բան չէր տեսել: Տղամարդը լուսանկարներ է տեղադրել սոցիալական ցանցերում: Տեղացիներից շատերը տարակուսել են: Ոմանք ենթադրել են, որ նա գտել է չուպակաբրա (գիտությանն անծանոթ արարած, որը, ըստ որոշ լեգենդների, սպանում է կենդանիներին (հիմնականում այծերին) և ծծում նրանց արյունը,- Tert.am), ոմանք էլ շեշտել են, որ արարածը ձկան և չղջիկի խաչասերման արդյունք է: Սոցիալական ցանցերի օգտատերերից մեկի խոսքով՝ ինքը տարիներ շարունակ որս է արել այս վայրում և նման բան երբեք չի տեսել:
«Սա մեր՝ թունավոր թափոնների օկիանոսներ նետելու հետևանքն է», - մանրամասնել է մեկ այլ օգտատեր: Կարծիք է հնչել նաև, որ արարածը շատ նման է «Հարի Փոթեր» ֆիլմաշարերից հայնի դեմենտորներին:
Այնուամենայնիվ, Հարիսը եկել է այն եզրակացությանը, որ ջրային արարածն իրականում ամերիկյան «էնջլֆիշ» (թարգմանաբար՝ «հրեշտակաձուկ»,- Tert.am) է՝ տափակ շնաձկան տեսակ: Այս առանձնյակն իր ժամանակի մեծ մասն անցկացնում է օվկիանոսի հատակին նստվածքների մեջ խորանալով՝ սպասելով որսին: Հրեշտակաձկները սովորաբար ոչ ագրեսիվ են մարդկանց նկատմամբ, բայց հրահրվելու դեպքում կարող են լուրջ վնասվածքներ պատճառել: