Ճապոնական ընկերությունների մոտ 70 տոկոսը կողմ է «Տոկիո 2020»-ի չեղարկմանը կամ հետաձգմանը. հարցում
Reuters լրատվական գործակալության հարցման համաձայն՝ ճապոնական ընկերությունների գրեթե 70 տոկոսը ցանկանում է, որ Տոկիոյի Օլիմպիական խաղերը չեղյալ հայտարարվեն կամ հետաձգվեն՝ ընդգծելով մտավախություններն առ այն, որ խաղերի կայանալու դեպքում կորոնավիրուսի վարակման դեպքերի թիվը կարող է աճել՝ առանց այդ էլ ծանրաբեռնված առողջապահական համակարգի պայմաններում:
«Տոկիո-2020» օլիմպիական խաղերի անցկացմանը մնացել է 9 շաբաթ, իսկ երկրի մեծ մասում դեռևս արտակարգ դրություն է՝ կապված վարակի տարածումը կանխելու հետ: Հայտնի է, որ որոշ շրջաններում բուժաշխատողների և հիվանդանոցային մահճակալների պակաս կա, մինչդեռ երկրում պատվաստումների արշավը դանդաղ է առաջ գնում:
Ճապոնիայում, ի տարբերություն մյուս հարուստ երկրների, պատվաստումների տոկոսը կազմում է 4 տոկոս:
Հետազոտությունը, որն անցկացվել է մայիսի 6-ից 17-ը, ցույց է տալիս, որ տեղական ընկերությունների 37 տոկոսը կողմ է խաղերը չեղարկելուն, իսկ 32 տոկոսը՝ հետաձգելուն:
Հարցման արդյունքները մոտավորապես համապատասխանում են հանրային կարծիքի վերաբերյալ հարցումների արդյունքներին: Տոկիոյի բազմաթիվ բնակիչներ դեմ են խաղերի անցկացմանը, մինչդեռ կառավարությունն ու Միջազգային օլիմպիական կոմիտեն բազմիցս հայտարարել են, որ խաղերը կայանալու են, քանի որ դրանց չեղարկման դեպքում ընկերությունների մեծ մասը զգալի վնասներ կկրի:
Reuters լրատվական գործակալության հարցմանը մասնակցել է 480 ընկերություն: Մասնակիցների անունները գաղտնի են պահվում:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը համոզմունք է հայտնել, որ հուլիսի 23-ին մեկնարկող Խաղերից առաջ հյուրընկալող համայնքների 80 տոկոսը պատվաստված, կամ պատվաստվելու համար գրանցված է լինելու։ Նա հերքել է կորոնավիրուսային համավարակի պատճառով արդեն մեկ անգամ հետաձգված Խաղերը կրկին հետաձգելու նպատակով աճող կոչերի մասին տեղեկությունը և նշել, որ տեղի ունեցած մարզական միջոցառումները փաստում են, որ ուժեղացված նախազգուշական միջոցառումների պայմաններում Օլիմպիական խաղերը կարող են անցկացվել։