Այս տարի Ռուսաստանից կարող է հեռանալ միլիոն դոլար ունեցող ավելի քան 15 հազար մարդ
Այդ մասին այսօր հայտնել է համաշխարհային տնտեսական միգրացիայի հարցերը լուսաբանող Henley&Partners վերլուծական կենտրոնը:
«Ռուսաստանը միլիոնատերեր է կորցնում, ունևոր մարդիկ հետզհետե ավելի հաճախ են արտագաղթում անցած տասնամյակում: Դա երկրի առաջ ծառացած խնդիրների մասին վաղ նախազգուշացում է: Խոշոր երկրների փլուզմանը միշտ նախորդում է հարուստ մարդկանց արտագաղթը, նրանք հաճախ առաջինն են մեկնում, քանի որ ունեն դրա հնարավորությունը»,- ասել է վերլուծաբան Էնդրյու Էմոյլսը :
Henley&Partners-ը նշում է, որ Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան այսօրվա դրությամբ քիչ հարմար են ռուսաստանցիների համար, որոնց ֆինանսական միջոցների վերաբերյալ այդ երկրներում կարող են ծագել որոշակի իրավական հարցեր:
Այսօր, ըստ Henley&Partners-ի, ունևոր ռուսների համար արտագաղթի առումով ամենագրավիչ երկիրը, հավանաբար, Արաբական Միացյալ Էմիրություններն է:
Ռուսական միգրացիայի մյուս հավանական ուղղություններն են Ավստրալիան, Սինգապուրը, Իսրայելը, Մալթան, Մոնակոն և Մավրիկիոսը:
Ուկրաինան, Henley&Partners-ի վերլուծաբանների գնահատմամբ, մինչև տարեվերջ կարող է լքել մոտ 2800 դոլարային միլիոնատեր, ինչը միլիոն և ավելի գումար ունեցող քաղաքացիների 42 տոկոսն է: