Ալաշկերտը չկարողացավ օգտագործել մեծ առավելությունը․ Ալաշկերտ-Արսենալ Տիվատ՝ 1։1
«Ալաշկերտը» ոչ-ոքիով մեկնարկեց Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում: Վահե Գևորգյանի թիմը սեփական խաղադաշտում 1-1 հաշվով ավարտեց չեռնոգորական «Արսենալ Տիվատի» հետ հանդիպումը:
Տանտերերն առաջին խաղակեսում ունեին տարածքային առավելություն (64-36 տոկոս), դարպասի ուղղությամբ կատարեցին 6 հարված, որոնցից դիպուկ էին 4-ը: Հյուրերի միակ հարվածը պսակվեց հաջողությամբ: 23-րդ րոպեին հաշիվը բացեց կիսապաշտպան Խուլիան Մոնտենեգրոն:
Խաղակեսի վերջնամասում հավասարակշռությունը կարող էր վերականգնել երևանյան ակումբի լատերալ Դանիել Կարիլյոն, սակայն նրա՝ նպաստավոր դիրքից կատարած հարվածը շեղ ստացվեց:
Երևանյան ակումբը պատասխան գոլը խփեց 66-րդ րոպեին. տպավորիչ հարվածով աչքի ընկավ պաշտպան Վիտալի Ուստինովը:
78-րդ րոպեին չեռնոգորական թիմը կրկին կարող էր առաջ անցնել հաշվի մեջ, սակայն հուսալի գործեց Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը:
Երկրորդ կեսում Հայաստանի քառակի չեմպիոնը պահպանեց զգալի տարածքային առավելությունը (66-34 տոկոս), սակայն ավելին անել չհաջողվեց:
Հիշեցնենք, որ «Ալաշկերտ» — «Արսենալ Տիվատ» դիմակայության պատասխան խաղը կկայանա հուլիսի 20-ին: Հաղթողը հաջորդ փուլում կմրցի հունգարական «Դեբրեցենի» հետ։
The post Ալաշկերտը չկարողացավ օգտագործել մեծ առավելությունը․ Ալաշկերտ-Արսենալ Տիվատ՝ 1։1 appeared first on ԳԱԼԱ.