Telegram-ը Crocus City Hall-ում կատարվածից հետո արգելափակել է ահաբեկիչների հավաքագրման հազարավոր ալիքներ
Մարտի 22-ի մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Telegram-ն արգելափակել է օգտատերերի հազարավոր հաշիվներ, որոնք ներգրավված են եղել ահաբեկչությունների կազմակերպմանը, հայտնել է հավելվածի հիմնադիր Պավել Դուրովը Telegram-ի իր ալիքում։
«Արդյունքում նման հաղորդագրություններ (ահաբեկչական հարձակումների կոչերով-Խմբ.) ուղարկելու տասնյակ հազարավոր փորձեր կասեցվել են, և այս ֆլեշմոբին մասնակցող հազարավոր օգտատերեր բախվել են Telegram-ի իրենց հաշիվների մշտական արգելափակմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նրա խոսքով՝ չորս օր առաջ Telegram-ի ռուսալեզու օգտատերերը սկսել են բողոքել անծանոթ մարդկանցից ստացվող հաղորդագրություններից, որոնք կոչ են արել ահաբեկչություններ իրականացնել։ Այսպիսով, նման բողոքներ ստանալուց հետո մեկ ժամվա ընթացքում մեսենջերի թիմը կիրառել է մի շարք տեխնիկական և կազմակերպչական միջոցառումներ՝ կանխելու այս գործունեությունը, նշել է Դուրովը։
Նախօրեին Կրեմլը կոչ էր արել Telegram հաղորդակցային հավելվածի ստեղծող, ընկերության ղեկավար Պավել Դուրովին ավելի ուշադիր հետևել հավելվածին, քանի որ այն հաճախ օգտագործվում է ահաբեկչական նպատակներով:
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը Shot թելեգրամյան ալիքի հետ զրույցում ասել էր, որ Ռուսաստանի տարածքում Telegram-ի արգելափակման ծրագրեր չկան, սակայն այն փաստը, որ մեսենջերը հաճախ օգտագործվում է ահաբեկիչների կողմից տեղեկատվության փոխանակման համար, պահանջում է նաև Պավել Դուրովի ուշադրությունը։
«Մենք ավելի մեծ ուշադրություն ենք ակնկալում Պավել Դուրովից, քանի որ տեխնոլոգիական տեսանկյունից այս եզակի և ֆենոմենալ ռեսուրսը, որն աճել է մեր սերնդի աչքի առաջ, գնալով դառնում է գործիք ահաբեկիչների ձեռքում՝ օգտագործվելով ահաբեկչական նպատակներով», - ասել էր Պեսկովը:
Նշենք, որ մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում ահաբեկչություն կատարած անձինք հավաքագրվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման աֆղանական թևի «Խորասանի ձայն» տաջիկական ՏԳ ալիքի միջոցով:
Հիշեցնենք, որ մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել: Հաղորդվում է առնվազն 143 զոհի մասին: ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է, որ մարդկանց վրա կրակած ահաբեկիչները ձերբակալվել են Ռուսաստանի Դաշնության Բրյանսկի շրջանում՝ Ուկրաինայի հետ սահմանի մոտ, և որ նրանք ուղևորվում էին Ուկրաինա, քանի որ «այնտեղ կապեր ունեն»։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ ահաբեկչության համար կասկածվողների համար «պատուհան էր պատրաստվել Ուկրաինայի հետ սահմանը հատելու համար»։ Ուկրաինական հետախուզությունը հայտարարել է, որ Ռուսաստանի տարածած վարկածը, թե Մոսկվայի մարզում ահաբեկչության հեղինակները փախուստի էին դիմում Ուկրաինա, իրականությանը չի համապատասխանում:
28 Մարտ, 2024 12:55