Սիրիական բանակը վերահսկողություն է հաստատել Դեյր Էլ Զորում ԻՊ-ի խոշորագույն հենակետի նկատմամբ
Սիրիական զորքերը մտել են Դեյր Էլ Զորից 45 կմ հեռավորությամբ գտնվող Մայադին քաղաքը, որը համարվում է «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների խոշորագույն հենակետերից մեկը:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, այս մասին տեղեկացրել է սիրիական կառավարական բանակի գեներալը: Նրա խոսքով՝ սիրիական ուժերը վերահսկողություն են սահմանել քաղաքի արևմուտքում գտնվող շուկայի, միջնաբերդի և մոտակա շրջանի նկատմամբ: Բանակի և ահաբեկիչների միջև դաժան մարտեր են շարունակվում քաղաքի հարավում:
Աղբյուրի խոսքով՝ բանակը մարդասիրական միջանցք է ապահովել քաղաքից խաղաղ բնակիչների դուրս բերման համար: Սակայն գրոհայինները շարունակում են բնակիչների մի մասին օգտագործել որպես «կենդանի վահան»: