Ագրամունտի հրաժարականը կապ չունի հայկական պատվիրակության հետ, Եվրոպան երբևիցե չէր ներելու նրա այցը Սիրիա. քաղաքագետ
Քաղաքագետ, Շիրակի պետական համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանի գնահատմամբ՝ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտի հրաժարականը ոչ մի կապ չունի հայաստանյան պատվիրակության ջանքերի հետ:
Ըստ Գագիկ Համբարյանի՝ իրականում հայտնի խավիարասեր Պեդրո Ագրամունտի հրաժարականի հիմքում նրա Սիրիա այցելությունն ու Նախագահ Բաշար ալ Ասադի հետ հանդիպումն էր:
«Հայկական պատվիրակությունը շատ վաղուց էր բարձրաձայնում Պեդրո Ագրամունտի` կաշառված լինելու ու «ադրբեջանական լվացքատան» հայտնի պերսոնաժ լինելու հանգամանքը, ԵԽԽՎ-ում այդ մասին շատ լավ գիտեին, բայց այստեղ խնդիրն այն է, որ Պեդրո Ագրամունտն իրապես կաշառակերության համար չի հեռացել, այլ որ հանդգնել էր գնալ ողջ Եվրոպայի դեմ»,-ասաց քաղաքագետը:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտին ԵԽԽՎ այլևս նախկին նախագահը ռուսական կառավարական ինքնաթիռով այցելել էր Սիրիա՝ բազմաթիվ ռուսաստանցի օրենսդիրների ու պաշտոնյաների ուղեկցությամբ:
Ըստ Համբարյանի` սա Եվրոպայում երբևիցե չէին ներելու, և, ինքնըստինքյան, Պեդրո Ագրամունտի` ԵԽԽՎ նախագահ մնալու հարցը կանխորոշված էր:
«Սրա վկայությունն այն է, որ այս պահին նրա հրաժարականը պահանջողների թվում են բազմաթիվ երկրների ներկայացուցիչներ, որոնք ԵԽԽՎ-ում միշտ քվեարկել են Ադրբեջանի օգտին: Նույն՝ Վրաստանը և Ուկրաինան, որոնց պատվիրակություններն ամբողջությամբ պայքարում էին Ագրամունտի հետ և մեծ լումա ունեցան, որ իր հակաեվրոպական, հակաամերիկյան քայլի համար Պեդրոն պատժվեր»,-շարունակեց քաղաքագետը:
Նա հավելեց, որ շատ ուրախ կլիներ, եթե պարոն Ագրամունտը զրկված լիներ պաշտոնից իրոք հայկական կողմի բարձրաձայնած անօրինականությունների ու կաշառակերության մեղադրանքների արդյունքում, բայց այդպես չէ:
Ըստ Համբարյանի`սա այն դեպքն է, երբ հայտնի ասացվածքը, որ հաղթանակն ունի բազում տերեր, իսկ պարտությունն անտեր է, առավել քան տեղին է: