WhatsApp-ում օգտատերերին հետևելու խոցելի գործառույթ են հայտնաբերել
Չարագործները կարող են հետևել WhatsApp մեսենջերի օգտատերերի քնի ժամաքանակին, ինչպես նաև պարզել, թե որ ընկերների հետ են նրանք շփվում:
Ինչպես գրում է Life.ru-ն՝ վկայակոչելով ծրագրավորող Ռոբ Հիթոնին, վտանգը կապված է հաշիվների օգտատերերի օնլայն-ստատուսների հասանելիության հետ:
Ծրագրավորողի կարծիքով՝ թիրախ դարձած օգտատիրոջը հետևելու համար անհրաժեշտ է համակարգիչ և օգտատիրոջ հեռախոսահամարը: Հիթոնը հատուկ ծրագիր է գրել Chrome բրաուզերի համար, որը ավտոմատ կերպով ֆիքսում է WhatsApp-ի իր կապերի օնլայն ակտիվությունը: Այդ կերպ հնարավոր է լինում պարզել, թե կապերից որոնք են միմյանց հետ շփվում այդ պահին:
Մասնագետը համոզված է, որ տվյալ տեղեկությունը կարող է օգտագործել ընկերներին լրտեսելու կամ գովազդային նպատակներով վաճառելու համար: