ՀՀԿ–ականները մտահոգություններ ունեն «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրինագծի հետ կապված. Է. Շարմազանով
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գտնում է, որ «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրինագծի նախնական տարբերակը խնդրահարույց է: Նա այսօր ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, թե ՀՀԿ-ում այս օրինագծի հետ կապված շատերն ունեն մտահոգությունները:
«Մենք պահպանողական կուսակցություն ենք, պահպանողականներն ազգային արժեքների, ավանդական ընտանիքի, եկեղեցու, մասնավոր սեփականության գաղափարների բացարձակ կրողներն են, սրանք մեզ համար բացարձակ արժեքներ են: Հանրապետականներս ազգային ավանդական ընտանիքի կողմնակից ենք, այն դրույթները, որոնք հակասության մեջ կմտնեն մեր ազգային ավանդական արժեքների հետ, խնդրահարույց են մեզ համար»,- Էդուարդ Շարմազանովը:
Վերջինս կարծում է, որ «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրինագիծն բարեփոխումների կարիք ունի, ավելին՝ նա ինքը մտահոգիչ դրույթներ է տեսնում: Շարմազանովը շեշտեց, թե հնարավորինս ամեն ինչ պետք է ամեն ինչ անել, որպեսզի վտանգի տակ չդրվի հայկական ավանդական ընտանեկան արժեքները:
«Մյուս կողմից պետք է քննադատենք բռնությունը, բոլորս էլ դեմ ենք բռնություններին, հայ մարդու համար բռնությունը երբեք գործելաոճ չի եղել: Կնոջ, մոր դերը մշտապես բարձր է եղել մեր հասարակության մեջ, եթե 10 շեղվածներ բռնություն են կիրառում, չպետք է դա տարածել բոլոր հայկական ընտանիքների վրա և ասել, որ Հայաստանում կա ընտանեկան բռնություն»,- շեշտեց նա՝ հավելելով, որ Հայաստանում ընտանիքը ամենաառողջ կորիզն է:
ԱԺ փոխխոսնակն անդրադարձավ նաև Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի առաջ բերած «Ազգ-բանակ» գաղափարախոսությունը: Նրա գնահատմամբ՝ այս գաղափարախոսությունը ոչ միայն կիրառելի, այլև անհրաժեշտ։
««Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերը նույնպես շատ անհրաժեշտ են մեր հասարակությանն ու ԶՈւ-ին, որովհետև դրանով իսկ մենք ավելի կառողջացնենք ու կուժեղացնենք մեր Զինված ուժերն ու սա բխում է բացառապես մեր պետական անվտանգության շահերից: Այս ամիսների ընթացքում պարոն նախարարը այս օրինագծերի շուրջ քննարկում է ունեցել և՛ հանրային սեկտորում, և՛ սպայական կազմում դրական գնահատականի է արժանացել»,-ասաց նա:
Շարմազանովը խոսեց նաև ԱԺ «Ելք» խմբակցության կողմից տրված գնահատականների մասին և շեշտեց, թե դա իրենց իրավունքն է. «Ես ինչ մտածել եմ, ասել եմ, ոչ մի բանից ոչ կաշկանդվելու ունեմ, ոչ էլ վախենալու ունեմ: Այո՛, ես գտնում եմ, որ այս օրենսդրական նախաձեռնությունը այսօր անհրաժեշտություն է: Շատ ճիշտ է, որ հիմա բոլորը զինակոչվեն բանակ: Ինչո՞ւ, որովհետև կան անհավասար պայմաններ, ինչո՞ւ իրավաբանական ֆակուլտետի ընդունված ուսանողը չունի պետպատվեր ու նա պետք է 18 տարին լրացած գնա ու ծառայի, իսկ նրանք, ովքեր, օրինակ , սովորում են պատմության ֆակուլտետում, պետք է օգտվեն պետպատվերից ու տարկետումից»,-եզրափակեց Էդուարդ Շարմազանովը: