Սերգեյ Լավրովն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կքննարկեն ղարաբաղյան հակամարտությունը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 3-ին Մոսկվայում բանակցություններ կվարի ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ: Այս մասին ասվում է ՌԴ արտաքին քաղաքականության գերատեսչության հաղորդագրության մեջ:
«Նախատեսվում է մանրամասն քննարկել ԵԱՀԿ ընթացիկ օրակարգը, գործունեությունը և դրա առաքելություններին ու ինստիտուտներին վերաբերող հարցերը, ինչպես նաև դեկտեմբերի 7-8-ը Վիեննայում անցկացվելիք ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի նախապատրաստական հարցերը», - ասվում է փաստաթղթում:
ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է այն հարցում, որ ԵԱՀԿ-ն, որն աշխարհի խոշորագույն տարածաշրջանային կազմակերպությունն է և միավորում է 57 երկիր, առավել ակտիվ դերակատարում ունենա միջազգային և եվրոպական հարցերի կարգավորման գործում:
«Նախատեսված բանակցություններում քննարկվելիք կարևոր թեմաների շարքում է ԵԱՀԿ աջակցությունը տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանը, որոնց թվում են Ուկրաինայի, Մերձդնեսպրի և Լեռնային Ղարաբաղի հարցերը», - ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: