Եթե ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո դրա վավերացման գործընթացն ուշանա, այն կարող է ժամանակավոր կիրառության մեջ դրվել. ԱԳ փոխնախարար
Հայաստանի և Եվրամիության միջև նախաստորագրված «Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիր»-ը ստորագրելուց հետո այն հնարավոր է ժամանակավոր կիրառության մեջ դնել, եթե ԵՄ որևէ անդամ-պետություն չի վավերացրել փաստաթուղթը: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը: Փոխնախարարը շեշտեց, որ եթե ինչ-ինչ պատճառներով ուշանա փաստաթղթի վավերացման գործընթացը, ապա փաստաթղթում կա համաձայնագիրը ժամանակավոր կիրառության մեջ դնելու մասին դրույթ, որը հնարավորություն է տալիս հայկական կողմին, պայմանավորվածության համաձայն, մասամբ կամ ամբողջությամբ ժամանակավոր կիրառության մեջ դնելու այն: Կարեն Նազարյանը նաև տեղեկացրեց, որ համաձայնագիրը թարգմանվել է Եվրամիության կողմից պահանջվող 23 լեզուներով:
- Պարո՛ն Նազարյան, կարո՞ղ եք ասել, ի վերջո Հայաստան-Եվրամիություն համագործակցության նոր համաձայնագիրը թարգմանվե՞լ է ԵՄ անդամ բոլոր պետությունների կողմից: Վերջերս մամուլը բազմիցս անդրադարձավ այն խնդրին, որ Եվրամիության ոչ բոլոր պետություններն են թարգմանել դրա տեքստը:
- Այո, համաձայնագիրը թարգմանվել է Եվրամիության կողմից պահանջվող 23 լեզուներով: Բրյուսելից տեքստերն ուղարկվել են մայրաքաղաքներ՝ համապատասխան ներպետական ընթացակարգ իրականացնելու համար:
- Փաստորեն թարգմանությունների հետ որևէ խնդիր չկա:
- Ոչ, չկա:
- Կա՞ն արդյոք ԵՄ անդամ այնպիսի երկրներ, որոնք չեն վավերացնի այս փաստաթուղթը:
- Վավերացման գործընթացը սկսվելու է փաստաթղթի ստորագրումից հետո: Դրա մասին հստակ ձևակերպում կա նաև համաձայնագրի նախագծում: Նույն ճանապարհով անցնելու ենք նաև մենք. փաստաթուղթը ստորագրելուց, ապա այն վավերացնելուց հետո մենք ծանուցում ենք ներկայացնելու ենք ավանդապահին: Նույնը գործընթացը կատարելու են նաև ԵՄ անդամ-պետությունները:
- Փորձագիտական շրջանակները կասկածներ ունեն, որ համաձայնագիրը կարող է չվավերացվել ԵՄ որևէ անդամ-պետության կողմից: Դուք սա հնարավոր համարո՞ւմ եք:
- Եթե փաստաթուղթը ստորագրելուց հետո ինչ-ինչ պատճառներով ուշանա փաստաթղթի վավերացման գործընթացը, ապա փաստաթղթում կա համաձայնագիրը ժամանակավոր կիրառության մեջ դնելու մասին դրույթ, որը հնարավորություն է տալիս հայկական կողմին պայմանավորվածության համաձայն մասամբ կամ ամբողջությամբ ժամանակավոր կիրառության մեջ դնել համաձայնագիրը: