Չենք կարող ասել՝ սա լավ բյուջե է, անկախ նրանից՝ ինչ անուններ կտան, ինչ գրաֆիկներ կներկայացնեն. Նապոլեոն Ազիզյան
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը «2018 թ.-ի պետական բյուջեի մասին» նախագծի նախնական քննարկումներից հետո մտահոգություններ ունի: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ հիմնական խնդիրներից մեկն այն է, որ 2018 թվականին 5000-ից ավել հաստիք է կրճատվելու:
Պատգամավորը նկատեց, որ առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացման ֆոնին բյուջեում աշխատավարձերի կամ կենսաթոշակների բարձրացման մասին խոսք չկա:
«Այս դեպքում մարդիկ ի՞նչ են անելու, երևի պետք է բռնեն արտագաղթի ճանապարհը: Մենք չենք կարող ասել, որ սա լավ բյուջե է, անկախ նրանից՝ ինչ անուններ կտան, ինչ գրաֆիկներ կներկայացնեն: Դժվար կլինի, որ մեկը համոզի, որ այս բյուջեն ինչ-որ հավատ ներշնչող բյուջե է»,- ասաց Ազիզյանը:
Նապոլեոն Ազիզյանը չբացառեց, որ իրենց խմբակցությունը կարող է դեմ քվեարկել 2018 թվականի բյուջեի նախագծին, սակայն շեշտեց, թե «Ծառուկյան» խմբակցությունում այս հարցով քննարկումներ չեն եղել:
Նապոլեոն Ազիզյանը, անդրադառնալով հարցին, թե որպես ընդդիմություն իրենք ինչ քայլեր են ձեռնարկելու՝ հաշվի առնելով նաև այն, որ այս բյուջեի տրամաբանությունը շեշտակի տարբերվում է իրենց կողմից առաջ քաշված 15 կետերի տրամաբանությանը, ասաց. «Ես միշտ ասել եմ, որ մեր 15 կետերն այլընտրանք չունեն, վերջ ի վերջո գալու և անդրադառնալու են դրանց, որովհետև ճանապարհը դա է: Այդ կետերի կայանալուց հետո ժողովուրդը կզգա տարբերություն, տնտեսական աճ կլինի, աշխատատեղեր կլինեն»:
Հարցին՝ Գագիկ Ծառուկյանը՝ որպես խմբակցության ղեկավար, արդեն իսկ ասե՞լ է, թե 2018 թվականի բյուջեի հետ կապված ինչպես աշխատեք, Նապոլեոն Ազիզյանը պատասխանեց.«Ծառուկյանը տենց բնավորություն չունի, որ ասի, թե ինչ ասեք, ոնց ասենք: Մեր ֆրակցիայում որ պատգամավորն ինչ մտածում է այդպես էլ արտահայտվում է»: