Թուրքերն Ախալքալաքի հայաբնակ գյուղից խոշոր եղջերավոր անասուններ են գողացել ու տարել Թուրքիա. գյուղի բնակիչները փակել են Ախալքալաք-Թուրքիա ճանապարհը
Նոյեմբերի 6-ի գիշերը վրաց-թուրքական սահմանամերձ հայաբնակ գյուղից ազգությամբ թուրքերը խոշոր եղջերավոր անասուն են գողացել ու անցկացրել սահմանից այն կողմ։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ախալքալաքի մունիցիպալիտետի հայաբնակ Դադեշ և հարակից գյուղերի համայնքապետ Զարզանդ Կուջոյանը։
«Այսօր առավոտյան երկու ընտանիք առավոտյան սովորության համաձայն գնացել են իրենց տներին կից անասնագոմ և նկատել են, որ խոշոր եղջերավոր անասուններն ու մեկ ձի չկա։ Երկու ընտանիքից 21 անասուն են գողացել։ Անասունների ոտնահետքերը տարել են դեպի Թուրքիայի սահման։ Գնացինք դեպի այդ կողմ և ճանապարհին հայտնաբերեցինք 7 անասունի, մնացածը անցկացվել էին սահմանից այն կողմ»,-ասաց համայնքապետը։
Նրա տեղեկացմամբ առավոտյան դեպքի վայր են ժամանել ոստիկանության ծառայողները,Ախալքալաքի ոստիկանապետ Նուկրի Խուցիշվիլին, ով բնակիչներին խոստացել է ամեն գնով բացահայտել գողությունը.«Գյուղացու համար կարևոր է իր ունեցվածքը։ Ոստիկանապետի գլխավորությամբ բանակցություններ վարվեցին թուրք սահմանապահների հետ,նրանք եկան այն տեղանքը,որտեղից ակնհայտ էր,որ անասուններին տարել են սահմանից այն կողմ,ինչն ապացուցվեց։ Թուրք սահմանապահները ժամանակ խնդրեցին մինչև առավոտ և ասացին, որ տեսախցիկներ կան տեղադրված իրենց սահմանում,այդ կերպ կողոպուտն իրականացնողներին պարզելը հեշտ է»։
Հարցին,թե տեղից ընտրված ազգությամբ հայ պատգամավորներն ի՞նչ քայլեր են արել,կամ արդյոք ժամանել են Դադեշ,Զարզանդ Կուջոյանն ասաց,որ հետևել են ընթացքին և վաղը կայցելեն գյուղ։
Թե ի՞նչ քայլեր են արել տեղաբնակները,Կուջոյանն ասաց,որ պահանջել են բացահայտել գողությունը.«Բացի այդ,պատկան մարմինների ուշադրությունը խնդրի վրա սևեռելու համար տեղի բնակիչները փակել էին Ախալքալաք-Թուրքիա միջպետական ճանապարհը։Նշված վայր էին այցելել պատկան մարմիններ»։
Կուջոյանն ասաց,որ առավոտյան տեղի իշխանության ներկայացուցիչները,իրավապահ մարմինները կրկին այցելելու են գյուղ,այդ ընթացքում էլ կտեղեկանան,թե ինչ է պարզել թուրքական կողմը։