Ֆինանսական կրճատումը փողի պակասից է գալիս, իսկ փողի պակասը արդյունավետ տնտեսական համակարգի բացակայությունից է. Վ. Բոստանջյանը՝ 2018 թ.-ի բյուջեի մասին (տեսանյութ)
Tert.am-ը 2018 թվականի պետական բյուջեի մասին զրուցել է «Ծառուկյան» խմբակցության անդամ, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վարդան Բոստանջյանի հետ: Նա նշել է, որ կրթության, առողջապահության, սոցիալական ոլորտի ծախսերի կրճատումը չկամության հետևանք չէ, այլ պարզապես բյուջեում փող չկա: Պատգամավորի կարծիքով՝ բյուջեում փող չկա, քանի որ բացակայում է արդյունավետ տնտեսական համակարգը: Ինչ վերաբերում է բյուջեին կայունացնող որակավորում տալուն, Բոստանջյանը շեշտեց, թե ինքը թռիչք ապահովող նախադրյալներ չի տեսնում:
- Պարո՛ն Բոստանջյան, շատ անգամ հենց իշխանության ներկայացուցիչները դժգոհել են այն խնդրից, որ որակյալ մասնագետներ չկան և այլն, բայց 2018 թվականին կրճատվում է կրթական համակարգին տրամադրվող գումարները: Ինչո՞ւ հենց կրճատեցին կրթության, առողջապահության ու սոցիալական ոլորտի ծախսերը:
- Գիտեք՝ ամենատարբեր ոլորտներում կրճատումները, հատկապես սոցիալական ոլորտներինը կապված չէ չկամության հետ, պարզապես այդ ֆինանսական ռեսուրսները չկան: Մենք չունենք բավարար ֆինանսական հնարավորությունները հնարավորինս մեծացնելու հատկացումները տվյալ ոլորտներում, սա փողի պակասությունից է գալիս: Իսկ փողի պակասությունը խոշոր առումով գալիս է մի այլ բանից, այն է, որ մենք չունենք արդյունավետ տնտեսական համակարգ: Փաստորեն՝ մեր ամբողջ խնդիրը, բարեփոխումների նպատակը մեկն է՝ հնարավորինս արդիականացնել տնտեսական համակարգը, մտածել, թե ինչպես կարելի է մեր տնտեսության կառուցվածքը փոխել և այլն: Այս առումով առայժմ մենք չեն կարողանում մեծ հաջողություններ գրանցել:
- Հաշվի առնելով այն, որ թոշակների, աշխատավարձերի չբարձրանալը զուգորդվում է գնաճային ճնշումներով, սա սոցիալական նոր խնդիրներ չի՞ առաջացնելու, որը կրկին ծանրանալու է պետության վրա:
-Իհարկե, առաջացնելու է: Դրա համար բոլոր պարագաներում մեր հասարակությունն ընտրությունների միջոցով միշտ ընտրում է այն մարդկանց, ովքեր պետք է ընտրեն նոր լուծումներ: Այդ նոր լուծումները, միգուցե, որոշակի ժամանակ են պահանջում, մասնավորապես` դուք մեզ չընտրեցինք, ընտրեցիք ուրիշին, նշանակում է, որ ենթադրում եք, որ իր մոտ կստացվի լուծումներ գտնել: Հիմա ես էլ եմ ցանկանում միանալ ու մտածել, որ կստացվի մի օր:
-Այսօր բյուջեի մասին խոսելիս անընդհատ շեշտում են, որ կայունացնող բյուջե է, հետագայում տնտեսական աճ ապահովող բյուջե է: Այս բյուջեի հիմքում Դուք տեսնո՞ւմ եք հետագա կայունացնում, այդ ո՞ր դրույթներն են կայունացնող:
- Ես ոչ թե տեսնում եմ, այլ կուզենայի, որ այդպես լիներ: Այո՛, ոչինչ մեկ տարի էլ, 2 տարի էլ կուզենայի, որ նեղ վիճակով գտնվեինք, բայց ունենայինք թռիչք գործելու նախադրյալ:
- Ուզում եք ասել՝ չկա՞ նման նախադրյալ:
- Ես այս պահին չեմ կարողանում այդ նախադրյալը տեսնել:
- Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտնել է, որ սոցիալական խնդիրները 1-2 տարում լուծվող չեն, իսկ ե՞րբ է հնարավոր լուծել: Բյուջեն, որը համարվում է տնտեսական սահմանադրություն, իր մեջ ունի՞ տեսլական, որ, օրինակ՝ 5 տարի վատ ապրելուց հետո խնդիրների հիմնական հատվածը կկարգավորվի:
- Փաստորեն՝ այս պահին ու նաև մինչ այս լուծել և լուծում են իրավիճակային խնդիրներ: Իրավիճակային խնդիրն այն է, որ մեկ, կես տարվա կտրվածքով են խնդիրներ լուծում, կամ էլ ընդհանրապես ասում են, թե ինչ պետք է տեղի ունենա, թող տեղի ունենա: Այո,՛ պետք է ծրագիր դրվի, բա էլ մենք ինչո՞ւ ենք ասում, որ ծրագրայի բյուջետավորում լինի, ինչի՞ ենք ասում, որ պետք է նպատակ հետապնդենք: Պետք է հասկանանք՝ բարձրացնելո՞ւ ենք երկրի եկամուտները, թե՝չէ, մեր տնտեսությունն արդիականացնելո՞ւ ենք, թե՝ ոչ և այլն, դրա համար ցանկացած բյուջե պետք է արտացոլի այս իրավիճակը: Տվյալ պարագայում ոչ միայն 2018 թվականի բյուջեն, այլև սրա նախորդողները չեն արտացոլել իրավիճակը և հետապնդվող նպատակը, ցույց չեն տվել երկարաժամկետ զարգացման ծրագիր:
- Առկա խնդիրը, ինչպես նաև Ձեր կողմից առաջ քաշվածներն, իրականում, քաղաքակա՞ն, թե՞ տնտեսական հարթության մեջ լուծվող խնդիրներ են:
- Չի կարող պատահել, որ խնդիրը չունենա ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական կողմ: Նայած, թե համամասնությունն ինչպես է՝ քաղաքակա՞նն է շատ, թե՞ տնտեսականը, ցանկացած խնդիր այս երկու կողմն էլ ունի, ցանկացած հաջողությունն էլ գալիս է այս երկու խնդիրների լուծման պարագայում:
Մանրամասները՝ տեսանյութում: