Մեքսիկուհին և ամերիկացին ամուսնացել են իրենց երկրների միջև սահմանին՝ ապացուցելու, որ սերը սահմաններ չի ճանաչում
Ապացուցելով, որ սերը սահմաններ չի ճանաչում՝ մեքսիկուհին և ամերիկացին միմյանց ամուսնական երդում են տվել իրենց երկրների միջև սահմանին գտնվող ցանկապատի կողքին:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, ԱՄՆ սահմանապահ ծառայության աշխատակիցները մեկ ժամով բացել են դարպասը Պլայաս դե Տիխուանա շրջանի մոտ, որը Կալիֆոռնիայում հաճախ անվանում են «Հույսի դուռ»՝ թույլ տալով երկու կողմի հարազատների կարճատև հանդիպումը:
Հարսանիքը կայացել է շաբաթ օրը: Հարսնացու Էվելիա Ռեյեսը հարսանյաց զգեստով ժամանել է սահմանի մոտ, որտեղ էլ հանդիպել է փեսացուին՝ Բրայան Հյուսթոնին: Մեքսիկուհուն ուղեկցել են իր երեք երեխաները՝ նախորդ ամուսնությունից:
Նրանց պսակադրությունն իրականացրել է մեքսիկացի դատավորը, իսկ որպես վկաներ հանդես են եկել Տիխուանայի քաղաքապետի կինն ու մարդու իրավունքների մեքսիկացի պաշտպանը: