Իմ քաղաքական կարիերայի ամենալուսավոր էջերից մեկը Նժդեհի արձանի բացմանն իմ ելույթն էր. Շարմազանով
Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարեց, որ իր քաղաքական կարիերայի ամենալուսավոր էջերից մեկը Գարեգին Նժդեհի արձանի բացմանն ունեցած իր ելույթն էր:
«Նժդեհի արձանի բացումը ես համարում եմ պատմական իրադարձություն, և իմ քաղաքական կարիերայի ամենալուսավոր էջերից մեկը համարում եմ, որ ինձ պատիվ է վերապահվել Նժդեհի արձանի բացմանն ասել խոսք»,-ասաց ՀՀԿ խոսնակը:
Շարմազանովը անդրադարձավ նաև «Զվեզդա» հեռուստաընկերության տեսանյութին` նկատելով, որ հեռուստաալիքը ներողություն է խնդրել ու հեռացրել Հայաստանում մեծ աղմուկ հանած ռեպորտաժը:
Մասնագիտությամբ պատմաբան Շարմազանովը առաջարկեց իրար չհակադրել Առաջին և Երրորդ Հանրապետությունների հերոսներին, հերոսական պատմությունների տարբեր ժամանակահատվածները կամ ազգային հերոսներին ու Խորհրդային ժամանակաշրջանի պետական գործիչներին:
Իսկ դիտարկման առիթն այն էր, որ Երևանի քաղաքապետարանի ավագանին մերժել է Լենինգրադյան փողոցը արցախյան հերոսամարտի մեծագույն հերոսներից մեկի անունով անվանակոչելու առաջարկը:
«Ես նոր եմ վերադարձել Սանկտ Պետերբուրգից, և իմ ղեկավարած պատվիրակությունը այցելել է Իսակովյան գերեզմանատուն, որտեղ 490 հազար մարդ է հուղարկավորված, որոնցից 20 հազարը հայ մարտիկներ են:
Լենինգրադյան բլոկադայի ճեղքումը նաև հայ մարտիկների հաղթանակն է, պաշտպանելով Լենինգրադը`մեր պապերը պաշտպանել են Երևանը: Այդ իմաստով` հարցականի տակ դնել Հայրենական մեծ պատերազմը, Լենինգրադյան փողոցը, այդ կարծիքին չեմ, այն խորհրդանշում է հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը, ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը, մենք մերժում ենք ֆաշիզմը, նացիզմը, ռասիզմը` բոլոր իրենց դրսևորումներով»,-ավելացրեց Էդուարդ Շարմազանովը: