Անկախ նրանից ինչ կասեն Հյուսիսից, Հարավից, Արևելք-Արևմուտքից ՀՀ-ն շարունակելու է վարել ազգային շահերից բխող քաղաքականություն. ՀՀԿ խոսնակ
Անկախ նրանից, թե ինչ կասեն Հյուսիսից, Հարավից, Արևելքից ու Արևմուտքից, ՀՀ-ն շարունակելու է զարգացնել արտաքին քաղաքականություն, որը նախ և առաջ բխում է իր պետական ու ազգային շահերից: Այս մասին այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով ռուսաստանյան տարբեր փորձագիտական շրջանակներում ՀՀ–ԵՄ համաձայնագրի շուրջ քննադատություններին:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Հայաստանը համեմատել են մի աղջկա հետ, ում սիրած տղան Ռուսաստանն էր, բայց նա ընտրեց ուրիշին, Շարմազանովը պատասխանեց. «Սրանք անհեթեթ, տգետ գնահատականներ են, որոնք չեն բխում մեր ժողովուրդների դաշնակցային հարաբերություններից»։
Շարմազանովը կոչ արեց չմեջբերել անհայտ ծագում ունեցող քաղաքական գործիչների մտքերը և հետևել Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումներին, մասնավորապես, ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինին, ով հստակ գնահատական է տվել, որ դա ՀՀ ինքնիշխան որոշումն էր, ինչպես նաև ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի նմանատիպ հայտարարությանը:
ՀՀԿ խոսնակի ամփոփմամբ` ՌԴ պաշտոնական դիրքորոշումը հավասարակշռված է, պարունակում է հարգանք:
«Եվս մեկ անգամ կրկնում եմ` այս համաձայնագրի ստորագրումը չի հակասում ՀՀ –ՌԴ դաշնակցային հարաբերություններին, մենք շարունակելու ենք խորացնել հարաբերությունները դաշնակից Ռուսաստանի հետ»,-ասաց Էդուարդ Շարմազանովը` հավելելով, որ Հայաստանի համար ռազմաքաղաքական առումով ՀԱՊԿ-ը այլընտրանք չունի, ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար շատ էական նշանակություն ունի, իսկ ՌԴ-ն մեր թիվ մեկ դաշնակիցն է։
«Մյուս կողմից` ՀՀ –ն պետք է զարգացնի իր քաղաքական երկխոսությունը ԵՄ-ի հետ, ինչն էլ առկա է այս` արդեն ստորագրված համաձայնագրում:
Անկախ նրանից, ինչ կասեն Հյուսիսից, Հարավից, Արևելք- Արևմուտքից, ՀՀ-ն շարունակելու է վարել ազգային շահերից բխող քաղաքականություն»,-ասաց ՀՀԿ խոսնակը: