ՄԱԿ-ը վերսկսել է հումանիտար օգնության մատակարարումը Թուրքիայից Սիրիա
ՄԱԿ-ը վերսկսել է հունվարի 20-ին Աֆրինում տիրող իրավիճակի պատճառով ընդհատված հումանիտար օգնության մատակարարումները Թուրքիայից Սիրիա:
РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հինգշաբթի հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
«Չորեքշաբթի ՄԱԿ-ը վերսկսել է հումանիտար օգնության մատակարարումը Թուրքիայից Սիրիա: Սիրիա է ուղարկվել պարենային ապրանքներով և դեղամիջոցներով բեռնված 25 բեռնատար: Սա առաջին մատակարարումն է դրանց ժամանակավոր դադարեցման մասին ՄԱԿ-ի որոշումից հետո՝ անվտանգության նկատառումներից ելնելով», - ասել է Դյուժարիկը ճեպազրույցի ժամանակ:
Նրա խոսքով՝ հումանիտար օգնության ևս 15 բեռնատար է ուղարկվել հինգշաբթի: